Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Լույս» դաշինքն այսօր քարոզարշավ իրականացրեց Էրեբունի վարչական շրջանում։ Շրջելով թաղամասի բակերում դաշինքի անդամները բնակիչներին կոչ էին անում մասնակցել սեպտեմբերի 23-ին տեղի ունենալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին:
«Կոչ ենք անում ձեզ սեպտեմբերի 23-ին գնալ ընտրական տեղամասեր և քվեարկել «Լույս» դաշինքի օգտին, քվեարկել քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանի օգտին»,- բակերում շրջելով ասում էր դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Ընտրողների հետ հանդիպմանը «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանին բանաստեղծական տողերով դիմավորեց ընտրողներից մեկը. «Իջևանցի մեր Նիկոլը, պադպլանկա խփեց գոլը, եթե խփի երկրորդ գոլը, նոր կհաղթի մեր Նիկոլը»:
Քարոզարշավի ընթացքում «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածուին էին մոտենում տարբեր քաղաքացիներ՝ իրենց ու Երևանին առնչվող խնդիրներով:
Դաշինքի անդամները մոտեցան նաև բակերից մեկում նարդի խաղացող տղամարդկանց, հետաքրքրվեցին՝ մասնակցելու են ընտրություններին, թե ոչ: Նրանք ասացին, որ դեռ չեն կողմնորոշվել, բայց հիմա արդեն հավատում են՝ ով էլ ընտրվի, երևանցիներին չի խաբի:
Թաղամասի բնակիչների մեկըլ նշեց, որ ինքն ընտրելու է Արտակ Զեյլնալյանին, քանի որ հարգում է նրան ու գնահատում նրա անցած ճանապարհը:
Ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը նկատեց, որ քաղաքապետի ընտրություններում չկա մարդ, ում դեմ պետք է աշխատեն. «Լրիվ էլ մերոնք են, բոլոր թեկնածուներն էլ էս իշխանության դեմ պայքարած մարդիկ են: Ո՛չ սև կա, ո՛չ սպիտակ, ոչ մի բան չկա: Սաղ մեր մարդիկ են, ով էլ անցնի՝ ապրեն իրենք»:
Միաժամանակ նա ասաց, որ ով էլ դառնա Երևանի քաղաքապետ, իրենք կշնորհավորեն, բայց պետք է կարևորել, որ մարդը փորձ ունենա. «Մարդիկ կան՝ թեկնածություն են դրել, քաղաքապետ դառնալու ցանկություն ունեն, բայց նույնիսկ թաղապետ չեն կարող աշխատել: Երևանը Հայաստանի ամենամեծ քաղաքն է, 1 մլն բնակչություն ունի, երկրի տնտեսության 30 տոկոսն այստեղ է, պետք է կարողանալ աշխատել: Ինչի՞ ենք ուզում, որ Արտակ Զեյնալյանը քաղաքապետ լինի, որովհետև այս մարդը գործադիր իշխանության փորձ ունի, զրոյից չի սկսելու, քաղաքական ճանապարհ է անցել, կուսակցությունները գիտի, ի վերջո ինքն արժանի է: Իսկ մարդկային առումով բոլոր թեկնածուների ցավն էլ տանեմ, շատ լավ մարդիկ են՝ տղերքն էլ, աղջիկներն էլ»:
Արամ Սարգսյանի խոսքով՝ ավագանու ընտրություններից հետո կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի ժամանակ էլ քաղաքական դաշտը նորմալ կձևավորվի. «Ամեն ինչ կընկնի իր հունի մեջ: Այս երկիրն այս վիճակից հանելու լավագույն ձևը խորհրդարանական արտահերթ ընտրություններն են»:
Ու թեև Արամ Սարգսյանն ասում է՝«սաղ մեր մարդիկ են», այնուամենայնիվ հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ փաշինյանն ասել էր. «Երևանի քաղաքապետի այս ընտրությունները սևի ու ապիտակի ընտրություններ են, Երևանի քաղաքապետի ընտրությունները հեղափոխության և հակահեղափոխության ընտրություններ են, որովհետև բազմաթիվ ուժեր, որոնք ներկայանում են այսօր որպես հեղափոխության դաշնակից, իմ դաշնակից, նույնիսկ իմ ընկեր, ինձ աջակից, անունը կոալիցիա են դնում, նրանք խաղեր են տվել և խաղեր են տալիս հակահեղափոխության հետ»։