ՊԵԿ-ն արձագանքում է Panorama.am-ի՝ բենզալցակայանում ՀԴՄ կտրոն չտրամադրելու մասին հրապարակմանը
Տնտեսություն
11:40 17/09/2018
Հայաստան

ՊԵԿ-ն արձագանքում է Panorama.am-ի՝ բենզալցակայանում ՀԴՄ կտրոն չտրամադրելու մասին հրապարակմանը

ՀՀ պետեկամուտների կոմիտեն արձագանքել է Panorama.am  կայքում 2018թ. սեպտեմբերի 13-ին «Ավանի բենզալցակայանում ՀԴՄ կտրոն չեն տալիս, քաղաքացու պահանջը ՊԵԿ-ից» վերնագրով հրապարակմանը:

ՊԵԿ-ից մասնավորապես հայտնում են.

«Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ դեռևս 2018 թվականի օգոստոսի 30-ին հրապարակված ստուգման հանձնարարագրով Ավան թաղամասի «Երևան Սիթի»-ի մոտ գտնվող բենզալցակայանում հարկային մարմնի կողմից 2018 թվականի սեպտեմբերի 6-ին հայտնաբերվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտում և ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով առաջադրվել 300,000 դրամ տուգանք:

Բացի այդ, նույն բենզալցակայանում ՀԴՄ շահագործման կանոնների խախտում արձանագրվել և համապատասխան տուգանք էր առաջադրվել նաև 2018 թվականի հունիսի 29-ին: Ավելին, առաջին անգամ խախտումը արձանագրելուց  հետո՝ 2018 թվականի օգոստոսի 23-ին, տվյալ հարկ վճարողը կրկին իրազեկվել է իր կողմից իրականացված գործողություններում առկա ռիսկերի վերաբերյալ, սակայն վերջինիս չփոխելով վարքագիծը շարունակել է գործունեությունն իրականացնել ՀՀ հարկային օրենսդրության խախտումներով: 

Միաժամանակ հայտնում ենք, որ հարկային մարմինը հետևողական է բոլոր ոլորտներում հարկային իրավախախտումների բացահայտմանը:

Այսպես, որպես օրինակ նշենք, որ սեղմված բնական գազի ոլորտում (ԱԳԼՃԿ-ներ)՝ 2018 թվականի մայիս ամսից սկսած հարկային մարմինը իրականացրել է լայնածավալ միջոցառումներ և 110 հարկ վճարողների մոտ արձանագրվել են խախտումներ և առաջադրվել պատասխանատվության միջոցներ:

Ինչ վերաբերում է հոդվածում նշված «ՊԵԿ-ը չի ուզում ստուգել» եզրույթին, ապա հավաստիացնում ենք, որ ռիսկային համարվող որևէ հարկ վճարողի գծով հարկային մարմինը կաշկանդված չէ գործողություններ իրականացնելուց և բացառվում է հնարավոր հարկային իրավախախտումների վերաբերյալ ահանզանգերին ընթացք չտալը»:


 

Placeholder
ՊԵԿ-ն արձագանքում է Panorama.am-ի՝ բենզալցակայանում ՀԴՄ կտրոն չտրամադրելու մասին հրապարակմանը