Պոմիդորը թանկ է, …   կոկորդիլոս կերեք
Տնտեսություն
08:00 19/09/2018
Հայաստան

Պոմիդորը թանկ է, … կոկորդիլոս կերեք

Գիտեիք պիտի ասեի՝ բանա՞ն կերեք: Բանանը անցած ու հին պատմություն է, նույնիսկ՝ հակահեղափոխական արդեն: Արդիականը կոկորդիլոսն է: 

Բանն այն է, որ Արարատի մարզպետը, որ չգիտես ինչու հարյուր օր լռություն էր պահպանել, որոշեց խոսել ու ներկայացնել Արարատի մարզի տնտեսական զարգացման ծրագիրը: Ու այն, ինչին հարյուր օր մտորելուց հետո մտահանգել է նա՝ կոկորդիլոսների բուծումն է:

Մտահանգչել:

Ինչ է ուզում ասել մարզպետը. Որ՝  ինքը նորարա՞ր է: Կոնգոյում ենք տեսել այդպիսի նորարարությունը: 

Որ՝  Արարատւ մարզը ճահճացե՞լ է: Անապատացել է  ավելի ճիշտ՝ ուր են արարատյան  արևահամ բերքն ու բանը, ինչու է Հայաստանում «սա է համով, թե սա»-ն դարձել «սա է ավելի թանկ, թե սա»: 

Ու ի՞նչ է մտածում փոխարենը մարզպետը: Թե բա՝  քանի որ  նվազագույն թոշակը կդառնա քսանհինգ հազար դրամ, եկեք այդ գումարը կոկորդիլոսի կաշվի դրամապանակներում հավաքե՞ք:  Ամենայն հավանականությամբ, ուրիշ բացատրություն դժվար է գտնել:

Մի թեթև հարց էլ կա՝ ինչո՞վ է պատրաստվում կերակրել իր կոկորդիլոսներին  մարզպետը:  Թանկացող հացահատիկո՞վ: Կարտոֆիլո՞վ, որ համեմատական էժան է, քան միսը: Մսո՞վ, որ պատրաստվում ենք արտահանել Էմիրություններ: Բեզոարյան այծերո՞վ:  Սևանի իշխանո՞վ:  Խեցգետնո՞վ: Հնարավոր է՝ կոկորդիլոսի մսով, որ նոր տարում այդպես էլ կարգին չկերվավ… Միայն թե տնտեսության զարգացմամբ մտահոգ մարզպետը պիտի հասկանար, որ կոկորդիլոսին կոկորդիլոս ուտեցնելու համար, նաև պիտի այն մեկին կերակրել…: 

«Երթամ,  քեզի համար կոկորդիլոսի տոլմա բերեմ»:

Այս մարզպետին ով թողեց, որ լռի, ու առավել ևս՝ խոսի:  Ու խոսելուց հետո, երբ ապացուցեց, որ  չի հասկանում ոչ առկա խնդիրներից, ոչ նորարարությունից, ոչ տնտեսությունից ու ոչ էլ դրա զարգացման հնարավորությունից, մի՞թե դեռ կմնա իր պաշտոնում:

Սա  ինչ ծրագիր է, հայրենական համընդհանուր տնտեսության ո՞ր մասում է տեղավորվում:  Ու պիտի ասել, որ սա ամենևին էլ ի սկզբանե ձախողված ծրագիր չէ,  այլ զավեշտ է, ծաղր՝  հայաստանցի գյուղացուն: ՀՀ քաղաքացուն:

Ի՞նչ ասել: Ումի՞ց պահանջել:     
 

Անահիտ Ոսկանյան
(համառոտ հրապարակախոսություն)

Placeholder
Պոմիդորը թանկ է, … կոկորդիլոս կերեք