«Մետրոպոլիտեն» թանգարանում ներկայացվելու է քրիստոնյա Հայաստանը
Մշակույթ
15:36 18/09/2018
Հայաստան

«Մետրոպոլիտեն» թանգարանում ներկայացվելու է քրիստոնյա Հայաստանը

Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում սեպտեմբերի 22-ին բացվելու է  «Հայաստան» (Armenia!) ցուցահանդեսը։ Լրագրողների հետ հանդիպմանը մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ասաց, որ ցուցահանդեսը նվիրված է հայ ժողովրդի գեղարվեստկան և մշակութային ձեռքբերումներին համաշխարհային համատեքստում՝ քրիստոնեության ընդունումից՝ 4-րդ դարից մինչև 17-րդ դար։

Նա տեղեկացրեց, որ ցուցահանդեսում ներկայացվելու է 140 նմուշ, որոնց մեծ մասը ներկայացվում է հենց Հայաստանից կողմից. Հայաստանի Պատմության թանգարանից ցուցադրվելու է 34 նմուշ, Էջմիածնի Մայր Աթոռի թանգարաններից 20 նմուշ, Մատենադարանից՝ 28 նմուշ։
 
Մայր Աթոռի թանգարանների և արխիվների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանն ասաց, որ   «Մետրոպոլիտենը» ամերիկյան մայրցամաքում կարևոր դերակատարում ունեցող թանգարան է, ներկայացված ցուցահանդեսը ոչ միայն մշակութային նշանակության ունի, նաև քաղաքական, հավասարազոր է 2007 թվականին Լուվրում տեղի ունեցած ցուցահանդեսին։

«Հատկանշական է, որ բանակցությունների ժամանակ հենց «Մետրոպոլիտենի» համակարգողներն են ուզել, որ իրենց թանգարանում ներկայանա քրիստոնյա Հայաստանը»,-  նշեց Տեր Ասողիկը՝ հավելելով, որ մեծ ակնկալիք ունեն այս ցուցահանդեսից՝  նախ Հայաստանը պատշաճ ներկայացման առումով, նաև զբոսաշրջային։ 

Մայր Աթոռի թագարանների հավաքածուից ներկայացված ցուցանմուշներից է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի կրկնօրինակը և օրիգինալ արծաթյա պահարանը։ Տեր Ասողիկն ասաց, որ «Մետրոպոլիտենի» տնօրինության հատուկ խնդրանքին ընդառաջ է տրամադրվել այդ մասունքը։

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանն ասաց, որ իրենց թանգարանից ներկայացվելու է 34 նմուշ, որոնք քանդակագործության բարձրաժեք նմուշներ են։ Կան եկեղեցական, կրոնական պարագաներ, կիրառական արվեստի նմուշներ։

«Համոզված եմ՝  այդ նմուշների միջոցով յուրաքանչյուր այցելու իր համար մի բացահայտում կանի»,- ասաց Գ. Գրիգորյանը։

Նա տեղեկացրեց, որ ցուցադրության համադրողը բյուզանդագետ  դոկոր Հելեն Էվանսն է։ Ցուցադրության ամբողջ ընթացքում կարմիր թելով գնում է Քրիստոնեությունը։

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն ասաց, որ Մատենադարանը 28 ձեռագրով է մասնակցում ցուցահանդեսին։ Իրենք տրամադրել են հիմնականում ավետարաններ, նաև միջնադարյան մատենագրության կարևոր նմուշներ։ Նա կարևորեց նաև ցուցահանդեսի շրջանակում կատալոգի հրատարակումը, որի տեքստը համաձայնեցված է Հայաստանի հետ։

Գ. Գրիգորյանը հայտնեց, որ ցուցահանդեսի ֆինանսական բոլոր ծախսերը հյուրընկալող կողմն է արել, Հայաստանի բյուջեից ոչ մի կոպեկ չի ծախսվել, ինչպես նաև տեխնիկական ամեն ինչ իր վրա է վերցրել «Մետրոպոլիտեն» թանգարանը, նաև այն բարերաները, ֆոնդերը, որոնք աջակել են, ներդրում են արել ցուցահանդեսի կայացման համար։ Բացի «Մետրոպոլիտենից», գխավոր հովանավորն է նաև ԱՄՆ-ից  «Հակոբ Գևորգյան» հիմնադրամը։

«Ես մի հավելում կուզեմ, եթե չասեմ, խիղճս ինձ չի ների։ Կուզեի անպայման նշվեր նաև նախաձեռնությունը ում կողմից է  գնացել։ Վիգեն Սարգսյանի, ամբողջ բանակցությունները 4 տարի առաջ նա է արել, կուզեի իր անունն էլ հնչեր»,- ասաց Տեր Ասողիկը։

Ցուցահանդեսի պաշտոնական բացումը լինելու է սեպտեմբերի 24-ին, գործելու է մինչև 2019 թվականի հունվարի 13-ը։

Placeholder
«Մետրոպոլիտեն» թանգարանում ներկայացվելու է քրիստոնյա Հայաստանը