Մենք պարտավոր ենք ուժեղ լինել. Անկախությանը օրը՝ սահմանամերձ գյուղերում
Օրվա թեմա
17:51 21/09/2018
Հայաստան

Մենք պարտավոր ենք ուժեղ լինել. Անկախությանը օրը՝ սահմանամերձ գյուղերում

Անկախության 27-րդ տարեդարձի առիթով ինչպես հանրապետության շատ քաղաքներում ու համայնքներում, այնպես էլ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում ևս փորձել են  տոնական միջոցառումներ անցկացնել:

Հայաստան-Ադրբեջան շփման գծից 1 կմ հեռավորության վրա գտնվող Բաղանիսում անկախության օրվան նվիրված միջոցառումն անցկացրել են գյուղի դպրոցում:

Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը առանձնակի հպարտությամբ է խոսում անկախությունից, և ընդգծում, որ դարերով ունեցած երազանքը հենց այս սերնդին է հաջողվել ձեռք բերել: «Անկախության գաղափարը ամուր նստած է մեր գիտակցության, սահմանամերձ գյուղի երեխաների մեջ: Վերջերս մի հաղորդում էի նայում, որտեղ մի երեխա խոսում էր սահմանամերձ գյուղի մասին, ասում էր՝ մենք իրավունք չունենք սահմանին ամուր կանգնած չլինենք: Այսինքն՝ անկախության գաղափարը փոխանցվել է նաև նոր սերունդին»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նարեկ Սահակյանը:

Այսօր Բաղանիսում իրավիճակը հանգիստ է, թեև օրեր առաջ հակառակորդը կրակոցներ է արձակել գյուղի ուղղությամբ:

Նարեկ Սահակյանի խոսքով՝  բաղանիսցիները սովորել են կրակոցների ձայներին, կրակոցների տակ էլ շարունակում են գյուղը շենացնել: «Կրակոցների ժամանակ ավելի շատ երեխաների համար ենք անհանգստանում, գյուղում կան հակառակորդի նշանառության տակ գտնվող տներ, բայց մարդիկ չեն լքում, շարունակում են ապրել, երեխաներին մեծացնել: Սահմանամերձ գյուղից մեկ ընտանիքի դուրս գալը  հավասարազոր է ոչ սահմանամերձ գյուղի 10 ընտանիքի դուրս գալու հետ: Եթե մեկ տան լույսը մարի, սահման պահող զինվորի մեջքը  կթուլանա: Ադրբեջանի թիվ մեկ զսպաշապիկը հայոց բանակն է, մեր զինվորն է, այսինքն՝ մենք էսքան դիմացել ենք, էլի կդիմանանք, մեր գյուղը, մեր տունը  չենք թողնի, զինվորիը թիկունքը պիտի ամուր կպահենք»,- նշեց Բաղանիսի գյուղապետը:

Չինարիում  որոշել էին՝ անկախության օրը գյուղում մեծ շուքով նշել, բայց հաշվի առնելով վերջին օրերին սահմանում տիրող իրավիճակը, միջոցառում չեն անցկացրել:

«Ինչպես ամեն տարի, այս տարի ևս առավոտյան այցելել ենք զոհվածների շիրիմներին, ծաղիկներ դրել, բայց հատուկ միջոցառում չենք արել: Ամեն ինչ տեսանելի է հակառակորդի կողմից, վտանգավոր է շատ մարդ հավաքել, բոլոր դեպքերում պետք է այդ ամենը հաշվի առենք: Թեև հիմա կրակոցներ չկան, բայց  ներքին անհանգստություն կա, անվտանգությունից ելնելով էլ խուսափել ենք մեծ միջոցառում կազմակերպել»,-  ասաց Չինարիի գյուղապետ  Սամվել Սաղոյանը:

Միաժամանակ գյուղապետն ասաց՝  ուզեն, թե  չուզեն պարտավոր են ուժեղ լինել. «Իմ ցանկությունը մեկն է՝  մեր երկրում խաղաղություն լինի, կարողանանք երկիրը զարգացնել ու  շենացնել: Այս  անկախությունը դժվար ենք ձեռք բերել , պետք է կարողանանք այն պահպանել»:

Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Լևոն Առաքելյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ գյուղում տոնական տրամադրություն է, մարդիկ միմյանց շնորհավորում են ու ամենակարևորը՝ խաղաղություն մաղթում: Տոնական օրը սկսվել է դպրոցում՝  անկախության օրվան նվիրված միջոցառումով:

Նրա խոսքով՝  պատերազմ տեսած գյուղի համար այս տոնն առանձնահատուկ նշանակություն ունի: «Մենք լավ գիտենք խաղաղության գինը: Սահմանի ժողովուրդը միանշանակ գիտակցում է ունեցածը, դրա համար իմ մաղթանքը մեկն է՝  երկրում խաղաղություն լինի, երեխաները խաղաղ ու երջանիկ ապրեն: Մնացածը կլինի, կարևորը՝ խաղաղությունն է»,- ասաց Լևոն Առաքելյանը:

Placeholder
Մենք պարտավոր ենք ուժեղ լինել. Անկախությանը օրը՝ սահմանամերձ գյուղերում