Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-օգոստոսին աճել է 7.7%-ով
Տնտեսություն
12:02 21/09/2018
Հայաստան

Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-օգոստոսին աճել է 7.7%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի  հրապարակած տվյալների համաձայն՝ 2018  թվականի հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.7%-ով։ Օգոստոս ամսվա ՏԱՑ-ն էլ  հուլիսի նկատմամբ կազմել է 7.9%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝ օգոստոսի համեմատ՝ 0.6%:

Ըստ ԱՎԾ-ի՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-օգոստոսին աճել է 4.4%-ով, 2017թ-ի օգոստոսի համեմատ՝  5.4%-ով, իսկ նախորդ ամսվա՝ հուլիսի համեմատ նվազել է 2.6%-ով:

Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում էլ աճը կազմել է  1.3%,  շինարարության ոլորտում՝  8.5%:

Ըստ վիճակագրական կոմիտեի` առևտրաշրջանառության ծավալներն այս տարվա ութ  ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 9.7%-ով,  ծառայությունների ծավալը նույնպես (առանց առևտրի) աճել է 18.9%-ով:

Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա այս տարվա հունվար-օգոստոսին գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 2.5%-ով:

Վիճակագրության համաձայն՝  այս տարվա ութ ամիսներին հանրապետությունում  գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ նվազել է մեկ տոկոսով:

Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառությանը, ապա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 26.4%-ով,  ընդ որում` արտահանումն ավելացել է 16.5 %-ով,  ներմուծումը՝ 32%-ով:

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-օգոստոսին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3.7 %-ով, իսկ տարեկան կտրվածքով` 2.8%-ով:

 

Placeholder
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-օգոստոսին աճել է 7.7%-ով