Ովքեր դժվարանում են բան ասել, թող դիմում գրեն ու գնան իրենց գործերին. վարչապետ
Հասարակություն
17:12 22/09/2018
Հայաստան

Ովքեր դժվարանում են բան ասել, թող դիմում գրեն ու գնան իրենց գործերին. վարչապետ

2017 թվականին Արարատի մարզում լոլիկի բերքը կազմել է 116 484 տոննա, այս տարի 35 հազար տոննայով պակաս լոլիկ է սպասվում: Այս մասին այսօր Արարատի մարզում համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Վարչապետը հետաքրքրվեց պատճառների մասին:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նշեց, որ պատճառը բարձր ջերմաստիճանն է, անոմալ ջերմային ֆոնը, ինչպես նաև՝ լոլիկի ցեցը: Միաժամանակ նախարարն ասաց, որ նախորդ տարի ջրի խնդիր է եղել, և գյուղացիները «դառը» փորձն ունենալով, նվազեցրել են լոլիկի  ցանքատարածությունները:

Վարչապետը գյուղատնտեսության նախարարից  հետաքրքրվեց, թե ցեցի դեմ ինչ միջոցներ են ձեռնարկում:  

«Սննդի անվտանգության տեսչական մարմնին հանձնարարական ենք տվել, նաև Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ ենք խոսել, քննարկում ենք ունեցել խոշոր աճեցնողների և մթերողների հետ: Նրանք դժվարանում են որևէ բան ասել, քանի որ բաց տարածություն է, և ցեցը նորից հայտնվում է: Ջերմոցներում պայքարի քիչ, թե շատ  արդյունավետ միջոցներ կան, բայց դաշտերում պետք է մեխանիկական պայքարի ձևեր օգտագործենք, որ կարողանանք  դրանց ոչնչացնել: Իհարկե դա բարդ է, էական միջոցներ է պահանջվում»,- նշեց գյուղատնտեսության նախարարը:

Վարչապետն էլ իր հերթին ասաց, որ երբ խոսում են ՊՈԱԿ-ների լուծարման մասին, դժգոհում են՝ ինչի են լուծարում: «Բայց երբ ասում ենք, որ պրոբլեմ ունենք, ոնց լուծենք,  դժվարանում են որևէ բան ասել: Եթե դժվարանում են որևէ բան ասել, մենք էլ պետք է դժվարանանք դրանք պահել, քանի որ դրանց գոյությունն անիմաստ է: Հինգ տարի այդ պրոբլեմը կա և դժվարանում ենք ասել, թե ոնց պետք է դա լուծենք: Ուրեմն կհավաքեք բոլորին, թող մեկամսյա ժամկետում կոնկրետ պլան ներկայացնեն, թե ինչ ենք անելու, որ մյուս տարի այդ  խնդիրը չունենանք:  Ովքեր դժվարանում են բան ասել, թող դիմում գրեն ու գնան իրենց գործերին: Հինգ տարվա արդյունքում  չգիտենք, թե խնդիրն ինչպես ենք լուծելու: Սա նշանակում է, որ լոլիկի ցանքատարածությունները մյուս տարի ավելի քիչ են լինելու, շուկայում ճգնաժամ ենք ունենալու և ստիպված լոլիկ ենք ներմուծելու»,-  ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Ներկաներն ասացին, որ ցեցը գալիս է Թուրքիայի կողմից։ Ի պատասխան, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այդ ինչպես է, որ Թուրքիայում  ցեց կա, բայց լոլիկը և նրանց է հերիքում, և՝ մեզ»: 

Վարչապետը խիստ հանձնարարական տվեց, որ մեկ ամսվա ընթացքում ծրագիրն իր սեղանին դրված լինի:

Placeholder
Ովքեր դժվարանում են բան ասել, թող դիմում գրեն ու գնան իրենց գործերին. վարչապետ