Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նյու Յորքում ներկայացվում են հայկական ժառանգության անգին գլուխգործոցները
Նյու Յորքի հանրահայտ Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են հայկական արվեստի ու մշակույթի լավագույն նմուշները՝ սկսած 4-րդ դարից մինչև 17-րդ դար: Հիշեցնենք, որ ցուցահանդեսի բանակցությունները մի քանի տարի շարունակ վարել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։ Ցուցահանդեսի պաշտոնական բացումը կայացել է երեկ, այն գործելու է մինչև 2019 թվականի հունվարի 13-ը։
Ցուցահանդես այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2018 թվականը խորհրդանշական տարի է, որի ընթացքում զգալիորեն ամրապնդվել են հայ-ամերիկյան մշակութային կապերը:
«Այս տարի հայկական մշակույթը ներկայացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում աննախադեպ ձևով՝ մոտեցնելով Հայաստանի մշակութային և քաղաքակրթական ժառանգությունը մեր ամերիկացի բարեկամներին: Այս տարի նշվում է ամերիկյան հողում հայկական ներկայության 400 ամյակը»,-իր խոսքում նշել է կառավարության ղեկավարը։
Նա հիշեցրել է, որ այս տարի ավելի վաղ հայկական մշակույթը՝ սովորույթներն ու ավանդույթները, ցուցադրվել են Վաշինգտոնում՝ ԱՄՆ մայրաքաղաքի սրտում, ազգային Մոլում, Սմիթսոնյան ժողովրդական կյանքի փառատոնի շրջանակում:
«Այն մեզ աննախադեպ հնարավորություն տվեց հայկական մշակույթն իր յուրահատուկ բազմազանությամբ ներկայացնել ամերիկյան հասարակությանը, ինչպես նաև աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հազարավոր զբոսաշրջիկների: Մի քանի շաբաթ առաջ մեր երկու ժողովուրդները միասին նշեցին Պուլիտցերյան մրցանակակիր, դրամատուրգ և գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան 110-ամյակը: Սարոյանի ժառանգությունը նշելու նպատակով, որը թանկ է մեր երկու ժողովուրդների համար, հեղինակի հայրենի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում բացվել է Սարոյանի թանգարանը: Որպես Միացյալ Նահանգներում Հայաստանի համար այս աննախադեպ իրադարձային մշակութային տարվա գագաթնակետը` այժմ ես մեծ պատիվ ու անձնական ուրախություն ունեմ ականատես լինելու այս յուրահատուկ ցուցահանդեսի բացմանը, շատ առումներով եզակի ցուցահանդես»,- ասել է վարչապետը` ավելացնելով, որ այն ներկայացնում է հայկական ինտեգրված մշակույթը, որպես նաև արևմտյան մշակույթի և քրիստոնյա քաղաքակրթության ներկայացուցիչ:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ, Փաշինյանը նշել է, որ ցուցահանդեսում ներկայացված 14 դարերի հայկական ժառանգությունն իր անգին գլուխգործոցներով, ամբողջ աշխարհից հավաքվել է Մետրոպոլիտենում` աշխարհի ամենակարևոր թանգարաններից մեկում, և համոզմունք հայտնել, որ այն, անկասկած, Միացյալ Նահանգներում կփոխի Հայաստանի և հայկական արվեստի նկատմամբ ընկալումն ու գնահատականը:
«Այս նշանավոր նախաձեռնության շնորհիվ Մետրոպոլիտենի տասնյակ հազարավոր այցելուներ կծանոթանան մեր ազգի պատմական և մշակութային ժառանգությանը, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն: Այսօր ներկայացվում են ավելի քան 140 նմուշներ` պատկերազարդ ձեռագրեր, եկեղեցիների մանրանկարներ, խաչքարեր, տպագիր գրքեր և այլ եզակի ցուցանմուշներ, ներառյալ Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիցակի, Թորոս Տարոնացու, Հակոբ Ջուղաեցու, Գրիգոր Տաթևացու ստեղծագործություններ»,- ասել է վարչապետը։
Ցուցահանդեսը ներկայացնում է հայկական արվեստի ու մշակույթի լավագույն նմուշները՝ սկսած 4-րդ դարից մինչև 17-րդ դար: Ցուցադրությունը նվիրված է հայ ժողովրդի գեղարվեստական և մշակութային ձեռքբերումներին համաշխարհային համատեքստում: Ցուցադրությանը ներկայացված են թվով 140 նմուշներ: