Կառավարությունը մերժեց  Առողջապահության նախարարությանը
Տնտեսություն
12:06 27/09/2018
Հայաստան

Կառավարությունը մերժեց Առողջապահության նախարարությանը

Գործադիրն այսօրվա նիստում չհաստատեց ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին բյուջեի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին որոշումը:

Նշենք, որ նախագիծը չզեկուցվող հարցերի մեջ էր, սակայն ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի առաջարկով այն դարձվեց զեկուցվող:

ԱՆ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը ներկայացնելով որոշման նախագիծն՝ ասաց, որ ամերիկահայ բարերար Մայք Սարյանի կողմից տրամադրած բժշկական սարքավորումները` թվով 4 բեռնարկղ (հաշիվ-ապրանքագրեր` CHRTY 1001, CHRTY 1002, CHRTY 1003, CHRTY 1004, Bill of Leading 964560878 և 964560864,) 2018 թվականի օգոստոսի 31-ին ժամանել են Երևան և այժմ գտնվում են առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն»  ՊՈԱԿ-ի պահեստում` մաքսային մարմինների հսկողության ներքո:
Ամերիկյան կողմը վճարել է վերոնշյալ բեռների` ԱՄՆ-ից մինչև Փոթի նավահանգիստ փոխադրման ծախսերը: 2018 թվականի հունիսի 1-ից մինչև 2018 թվականի օգոստոսի 29-ը ընկած ժամանակահատվածում բեռները գտնվել են Փոթի նավահանգստում, որոնց պահման և պահպանման ծառայությունների համար առաջացել են ֆինանսական պարտավորություններ` 10 մլն 541 հազար ՀՀ դրամի չափով: Բեռների տեղափոխումը Փոթի նավահանգստից Երևան իրականացվել է «Ապավեն» կազմակերպության միջոցով, որի ծառայությունների արժեքը կազմում է 761,5 հազար դրամ` մեկ բեռնարկղի համար (4 բեռնարկղի համար` 3,046,000.0 ՀՀ դրամ):

Ընդհանուր առմամբ, նշված բժշկական սարքավորումների պահման, պահպանման և տեղափոխման ծախսերը կազմել են 13 մլն 587 հազ. դրամ, որն առաջարկվում է դրամաշնորհի պայմանագրի հիման վրա տրամադրել առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` նշված ծախսերը փոխհատուցելու համար:

Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ պետք է ունեցած հնարավորություններն օգտագործել առավելագույնս խնայողաբար և արդյունավետ: Նախարարի առաջարկով՝ այդ  պարտավորությունները մարելու համար նշված գումարը ՊՈԱԿ-ին չի տրամադրվի, այդ գումարը կվճարվի ՀՀ առողջապահության նախարարության բյուջեից:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը միակարծիք էին, որ 13,5 մլն դրամն այդքան էլ մեծ գումար չէ և կարող է նախարարությունն իր բյուջեից վճարել:

«Չեմ կարծում, որ առողջապահության նախարարության բյուջեն որոշակի վերաբաշխման միջոցով այս գումարը չի կարող գեներացնել: Հենց սկզբից զարմանալի էր, որ պահուստային ֆոնդից է այս գումարը պահանջվել: Միանշանակ համաձայն եմ պարոն Ջանջուղազյանի հետ: Մենք ունեցել ենք բազմաթիվ ծրագրեր այլ նախարարություններում, որոնց համար տասնյակ անգամ ավելի մեծ գումարներ են անհրաժեշտ եղել, սակայն այդ ծրագրերն արվել են իրենց բյուջեի վերաբաշխման միջոցով: Ինչո՞ւ պետք է սրա համար պահուստային ֆոնդից գումար հատկացվի»,-ասաց Տիգրան Ավինյանը:  

Placeholder
Կառավարությունը մերժեց Առողջապահության նախարարությանը