Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր ռուսական «Առաջին ալիք» հեռուստաալիքի ծրագրում փոփոխություն է տեղի ունեցել՝ կապված ֆրանսահայ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան հետ։ Այդ ալիքով հեռարձակվելու է «Պոզներ» ծրագիրը, որի ժամանակ շանսոնյե, կոմպոզիտոր, գրող, դերասան Ազնավուրը պատմում է իր ընտանիքի դժբախտությունների, 1915 թվականի Հայոց ցեղասպանության, Էդիտ Պիաֆի հետ ծանոթության, իր ստեղծագործական գործունեության մասին։
Երգչի կարծիքով, թուրքերը հրաժարվում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը երկու պատճառով. «Նրանք այն չեն կարող ընդունել որպես փաստ, քանի որ նրանց մոտ գլխավոր բառը՝ պատիվն է, և դա կարելի է հասկանալ։ Բայց կա նաև մեկ այլ բան. մարդիկ մեծապես հարստացրել էին հայերին պատկանածով»:
Շառլ Ազնավուրը պատմել է, որ թուրքերի նկատմամբ ատելություն չի զգում, և դա իրեն մայրն է սովորեցրել, ով կորցրել է ամբողջ ընտանիքին Ցեղասպանության ժամանակ. «Մայրս չէր ատում թուրքերին, նա մշտապես ասում էր, որ թուրքերի մեջ էլ կան լավ մարդիկ»։
Պոզների հարցին, թե նա ի՞նչ կասի Բարձրյալին, եթե մի օր հանդիպի նրան, Ազնավուրը պատասխանել է. «Ես նրան կասեմ. «Բարև։ Էլ ի՞նչ ես կարող եմ նրան ասել։ Հետո նա պետք է խոսի, որովհետև ես, հնարավոր է, երկրում սխալներ եմ թույլ տվել։ Բայց նա էլ քիչ սխալներ չի արել։ Անհրաժեշտ է, որ նա ինձ բացատրի»»։