Ազնավուրն աշխարհից մեծ էր. Զոհրապ Մնացականյան
Մշակույթ
21:06 01/10/2018
Հայաստան

Ազնավուրն աշխարհից մեծ էր. Զոհրապ Մնացականյան

«Շառլ Ազնավուրի կորուստը մեծ է մեզ համար որպես հայի, ֆրանսիայի համար՝ որպես Ֆրանսիայի զավակի։ Վստահ եմ, որ Ազնավուրն աշխարհից մեծ էր, կորուստ է ողջ աշխարհի համար»,- Երևանում՝ Շառլ Ազնավուրի հրապարակում լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանը։

Նրան բնութագրեց որպես կյանք սիրող, աշխարհ սիրող, մարդուն սիրող մարդու։

«Շատ պարզ մարդ էր իր մտքերի մեջ, արտահայտություններում, հանգիստ էր իր հանդեպ ու իր շրջապատի հանդեպ»,- ասաց Զ. Մնացականյանը։

Նա նշեց, որ պատիվ ունեցել է  տարբեր առիթներով հանդիպել շանսոնյեի հետ։ Նախարարը հիշեց, որ 2016 թվականին Նյու Յորքում ներկա է եղել նրա համերգին ով, լինելով 92 տարեկան, երկու ժամ կարողացել է էներգիայի մեջ պահել 5000  հոգանոց դահլիճ»։

Զ. Մնացականյանը մի դրվագ հիշեց. «Ժնևում երիտասարդ դեսպան էի։ Մտնում էի ՄԱԿ, մեքենան երբ որ կանգնեց դարպասների առջև, անվտանգության աշխատողներից մեկը հարցրեց՝ ներողություն, պարոն դեսպան, նախկինում չէինք հանդիպել, նո՞ր եք, չէի՞ք ասի, որ երկրից եք։ Ասացի, որ Հայաստանի դեսպանն եմ։ Ասաց՝ «օ՜, Հայաստան, Շառլ Ազնավուր։  Այստեղ կարող եք միշտ մտնել առանց որևէ խոչընդոտի»։ Այս դրվագը ցույց է տալիս, թե ինչ նշանակություն ունի Շառլ Ազնավուրի  փոխկապակցվածությունը մեր երկրի հետ։

Ինչքան Ֆրանսիայի ժողովրդի զավակն էր, այնքան հայ ժողովրդի զավակն էր, երբեք չէր պահում դա, կիսվում էր մեծ ոգով»։

Placeholder
Ազնավուրն աշխարհից մեծ էր. Զոհրապ Մնացականյան