Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի շրջապատից Le Parisien –ին պատմել են նրա կյանքի վերջին օրերի մասին։ Շ. Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ի գիշերը։ Դրանից առաջ սեպտեմբերի 20-ին վերադարձել էր Ճապոնիայից և պատրաստվում էր Ֆրանսիայում ձմեռային համերգային շրջագայությանը։ Ընտանիքում պատմել են, որ դեռևս սեպտեմբերի 28-ին երգիչը հիանալի վիճակում էր։
«Նա երեքշաբթի պետք է Հայաստան գնար՝ մասնակցելու ֆրանկոֆոնիայի շաբաթվան։ Ամեն ինչ լավ էր»,-Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝ ասել է Ազնավուրի մերձավորներից մեկը։
Ազնավուրի վաղեմի ընկեր և հրատարակիչ Ժերար Դավուն ասել է, որ կյանքի վերջին օրն արտիստն անցկացրել է գրքի վրա աշխատելով։
«Կիրակի Շառլը մինչև ուշ գրել է։ Նա աշխատում էր իր հիշողությունների մասին չորրորդ գրքի վրա։ Ինձ ասում էր, որ սա լինելու է վերջինը»,- կիսվել է Դավուն։
Ազնավուրը նաև նոր ալբոմ էր ձայնագրում։
«Նա փորձում էր ավարտել ձայնագրությունները և ցանկանում էր թողարկել հաջորդ տարի»,- պատմել է հրատարակիչը։