Արցախի նախագահ. Ազնավուրն օրհասական պահերին միշտ հարազատ ժողովրդի կողքին էր
Քաղաքական
09:50 02/10/2018
Հայաստան

Արցախի նախագահ. Ազնավուրն օրհասական պահերին միշտ հարազատ ժողովրդի կողքին էր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հեռագրում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա մեծանուն հայ, ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան մասին։

Աշխարհահռչակ շանսոնյեի մահը մեծ կորուստ է մեր ժողովրդի համար: Իր անմահ արվեստի միջոցով Ազնավուրն աշխարհին էր ներկայացնում Հայաստանն ու համայն հայությանը: Օրհասական պահերին նա միշտ հարազատ ժողովրդի կողքին էր, անում էր հնարավորը համազգային խնդիրների լուծման գործում իր անգնահատելի ավանդը բերելու ուղղությամբ:

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, մեր ողջ ժողովրդին, նրա անզուգական արվեստի բոլոր երկրպագուներին։

Շառլ Ազնավուրի անունը ոսկե տառերով է գրվել համաշխարհային երգարվեստի ու հայ ժողովրդի պատմության մեջ, և նրա պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»:

Placeholder
Արցախի նախագահ. Ազնավուրն օրհասական պահերին միշտ հարազատ ժողովրդի կողքին էր