Օպերայի և բալետի թատրոնում տեղի կունենա Մոնսերատ Կաբալյեին նվիրված հիշատակի երեկո
Մշակույթ
14:50 08/10/2018
Հայաստան

Օպերայի և բալետի թատրոնում տեղի կունենա Մոնսերատ Կաբալյեին նվիրված հիշատակի երեկո

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 9-ին տեղի կունենա աշխարհահռչակ օպերային երգչուհի, հայ ժողովրդի բարեկամ Մոնսերատ Կաբալյեին նվիրված հիշատակի երեկո: Թատրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ելույթ կունենան օպերային թատրոնի մենակատարները: Մուտքն ազատ է:

Հիշեցնենք, որ իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն մահացել է հոկտեմբերի 6-ին Բարսելոնայում։ Նա 85 տարեկանում էր։ Մոնսերատ Կաբալյեի հուղարկավորությունն այսօր է։

2013 թվականին Մոնսերատ Կաբալյեն ելույթ էր ունեցել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, այցելել էր նաև Արցախ։  2013 թ. դեկտեմբերին Փարիզում կայացել էր  Մոնսերատ Կաբալյեի «Հայաստան և Արցախ. քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսը: 2014-ի հոկտեմբերի 14-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի էր ունեցել երգչուհու բացառիկ համերգը` նվիրված Արցախում զինադադարի հաստատման 20-ամյակին: Արցախ այցի պատճառով Մոնսերատ Կաբալյեն հայտնվել էր Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում»։

Մոնսերատ Կաբալիեն ծնվել է 1933թ., Բարսելոնայում (Իսպանիա): Համարվում է 20-րդ դարի լավագույն սոպրանոներից մեկը: 1974 թվականին ճանաչվել է Միացյալ Ազգերի Կազմակերպության պատվավոր դեսպան, 1991-ին՝ Խաղաղության դեսպան, 1994-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան է:

Placeholder
Օպերայի և բալետի թատրոնում տեղի կունենա Մոնսերատ Կաբալյեին նվիրված հիշատակի երեկո