Ցոլակյանի հաջորդը
Քաղաքական
11:30 09/10/2018
Հայաստան

Ցոլակյանի հաջորդը

Ֆելիքս Ցոլակյանի՝ Արտակարգ իրավիճակների նախարար նշանակվելուց հետո վերջինիս պատգամավորական մանդատը, ըստ ցուցակի հաջորդականության, պետք է փոխանցվի Մարտուն Գրիգորյանին։

Քանի որ Ցոլակյանը պատգամավոր էր դարձել թիվ 11 ընտրատարածքից` Շիրակի մարզից՝ ռեյտինգային ընտրակարգով, ստացվում է, որ նրան պետք  է փոխարինի հաջորդ՝ ամենաշատ թվով ձայն ստացած թեկնածուն։ Ներկա դրությամբ այդ թեկնածուն հենց Մարտուն Գրիգորյանն է, ով ստացել է մոտ 11 հազար ձայն, նրան հաջորդում է Մուշեղ Պետոյանը` 8795 ձայն:

Տեղեկանալու՝ երբ է նախատեսված մանդատի փոխանցման գործընթացը, Panorama.am-ի թղթակիցը զրուցեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանի հետ։

Վերջինս տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն այսօր ժամը 15։00-ին նիստ կգումարի և արձանագրություն կկազմի Ցոլակյանի մանդատը ցուցակի հաջորդ թեկնածուին փոխանցելու նպատակով։

Հերմինե Հարությունյանը տեղեկացրեց, որ Կենտրոնական ընտրական հաձնաժողովն արդեն իսկ ստացել է ԱԺ նախագահի՝ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։

«Այսօրվա նիստում արձանագրություն կազմվելուց հետո կուսակցությանը կիրազեկվի, որ թեկնածուն կարող է մոտենալ և վերցնել մանդատը։ Օրենքով սահմանված ընթացակարգ չկա՝ ինչ ժամկետում թեկնածուն կարող է վերցնել մանդատը»,- ասաց ԿԸՀ մամուլի քարտուղարը։

Placeholder
Ցոլակյանի հաջորդը