Ու հիմա մենք լուրջ խնդիր ունենք. Հովիկ Չարխչյան
Հասարակություն
09:04 10/10/2018
Հայաստան

Ու հիմա մենք լուրջ խնդիր ունենք. Հովիկ Չարխչյան

Պարոն Չարխչյան: Շատ անգամ Ձեզ ենք դիմում, երբ փնտրում ենք իրավիճակի սրտացավ, օբյեկտիվ, խորը գնահատական: Չգիտեմ՝ նկատել եք, թե չէ, կամ՝ կհամաձայնեք, թե չէ, բայց հասարակությունում քաղաքական  ընդհարումները նույն կերպ փոխանցվում են քաղաքականության հետ կապ չունեցող, կամ՝ ուղղակիորեն կապ չունեցող ոլորտներ:

Այժմ այնպիսի իրավիճակ է, երբ ցանկացած քննադատություն դիտվում է որպես հեղափոխության ուղիղ քննադատություն, ու սկսվում է հասարակության մի կոնստանտ մասի հակահարվածը՝ անկախ նրանից, թե քննադատականը ճիշտ է, թե ոչ:

Խոսքս Զորաց քարերի մասին է:  Ֆեյսբուքում առաջին ընդհարումը եղավ, երբ սյունեցիները բողոքի ալիք բարձրացրեցին, թե՝ ներկվում են քարերը:  Ընդդիմադիրները բարկացան, թե՝ արդեն մաքրվել է: Այնուհետև  սյունեցիները նկարներ դրեցին, որ պեղումները հենց Զորաց քարերում են ու որ իրենք խիստ անհանգստացած են պեղումների կոպիտ որակից ու միջամտությունից: 

Նորից հակադրության ալիք բարձրացավ, թե՝  մի նկարը հին է: Լավ, մի նկարը հին է, բայց ոչ ոք չխորացավ բուն նյութի մեջ, որ՝ մյուսները նոր են: Պեղումն իրականացնողները սկսեցին իրենց տրված հարցերին խուսափողական պատասխանել, թե՝  պեղումները  մի 100 մետր այն կողմ են: Այդ դեպքում անհասկանալի էր, թե ինչու են պեղումները անում ուրիշ վայրում, բայց կասկածի տակ են դնում Զորաց քարերի նշանակությունը:  Դա գիտնականների համար առնվազն սեփական կնոջը հարևանի կնոջ հետ խառնել է նշանակում:

Հիմա վերջապես խոստովանեցին, որ՝ այո, պեղումները կատարվում են հենց Զորաց քարերում: Մի՞թե հնարավոր չէր հասարակությանը հենց սկզբից ճիշտն ասել, բացատրել, պատասխանատվություն վերցնել…  Հիմա ուղղակի ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը Ա. Եղյանին զգուշացրել է. «Քեզ վրա շատ մեծ պատասխանատվություն է դրվում,  չլինի  սրանից հետո  գան  ու  ասեն, որ տուրիստը  բարձրացել  է  հուշարձանի վրա: Պետք է  ծանոթանաս  բոլոր  ենթահուշարձաններին,  պահպանության հետ կապված ամենաշատը քեզանից եմ պահանջելու: Հետևաբար եթե մի քար վնասվի դու պետք է պատասխան տաս»:  

Բայց դե՝  փորձ ունենք, ոնց չանհանգստանանք. «Հին Երևան»,  «Փակ շուկա»,  Աֆրիկյանների ակումբ, Աբաս Միրզայի մզկիթ…: 

Ինչպես եք դուք տեսնում իրավիճակը՝ մեզ շատ հետաքրքիր է Ձեր կարծիքը:

Գրականագետ Հովիկ Չարխչյանը ներկայացրեց իր կարծիքը.

«Ցանկացած երկրում, ցանկացած իրավիճակում հասարակության գերքաղաքականացումն իր ետևից ավերածություններ է թողնում: Մենք այս իմաստով, ցավոք, բացառություն չկազմեցինք: Այսօր ներքին բևեռացումը շատ դեպքերում ձեռք է բերում ագրեսիվ որակներ, ընդդիմախոսներին ոչնչացնելու հիվանդագին մոլուցք, նպատակին հասնելու համար միջոցների մեջ ընտրություն չկատարելու հանցավոր հետևողականություն: Ու եթե նույնիսկ ընդունենք, որ հեղափոխական իրավիճակներում գրեթե անհնար է խուսափել առճակատումներից, ամեն դեպքում չենք կարող նաև չարձանագրել, որ հակազդեցությունը ոչ միշտ է ազնիվ և ոչ միշտ են ընտրվում ճիշտ թիրախներ:

Արդյունքում, ինչպես ժողովուրդն է ասում, թացն էլ այրվում է չորի հետ: Վարկաբեկվում, անվանարկվում են պատվարժան մարդիկ, ովքեր այս երկրի ու ժողովրդի առաջ նշանակալի ավանդ ունեն: Եվ նրանց միակ «մեղքն» այն է, որ որոշակի հարցերի շուրջ պաշտպանում են այլ տեսակետ և իրենց սկզբունքների մեջ փոփոխական չեն: Մերկապարանոց, չհիմնվորված, մտացածին մեղադրանքներ են նետվում հրապարակ և ոչ ոք չի մտահոգվում, թե որն է ճշմարությունը:

Առաջնային նպատակ է դառնում ամեն գնով չեզոքացնել այլակարծությունը, հոգեբանորեն ճնշել նրանց, ովքեր չեն կիսում մյուսների կարծիքը: Նման երևույթներն, ինչ խոսք, չեն կարող ստվեր չնետել հեղափոխության որդեգրած արժեքների վրա: Այդ իսկ պատճառով էլ բոլոր այն մարդիկ, ովքեր սթափ մտածությամբ են օժտված, ահազանգում, տագնապ են հնչեցնում ձևավորվող մթնոլորտի առնչությամբ: Այլապես ի՞նչ արժե սիրո ու հանդուրժողականության մասին կարգախոսը, եթե շրջապատում ոչ սեր ես տեսնում, ոչ էլ առավել ևս` հանդուրժողականություն: Հայտնի բան է, որ մեծ ալիքներն իրեն հետ բերում են նաև շատ փրփուր և շատ աղբ: Ու հիմա մենք լուրջ խնդիր ունենք` ձերբազատվել հեղափոխության վերափոխիչ հորձանքի հետ ներթափանցած ավելորդություններից, մաքրաջրել, զուլալեցնել, հանդարտեցնել տարերքը, կյանքը տեղափոխել բնականոն հուն: Իսկ եթե իրոք ուզում ենք մաքրել մեր երկիրը աղտեղությունից, դա պիտի անել մաքուր ձեռքերով ու մաքուր խղճով: Ուրիշ ճանապարհ չկա, քանի որ հակառակ դեպքում կասկածի տակ կդրվի ողջ գործընթացի բարեհաջող ելքը: Հեղափոխությունը պիտի ինքնամաքրվի: Պիտի մերժվի սևերի ու սպիտակների բաժանելու հանցավոր մտայնությունը, որը պառակտումների սերմ է բերում: Պիտի փակվեն զազրախոսների բերանները: Պիտի սանձվեն բոլոր նրանք, ովքեր պատեհապաշտության դիրքերից հաշվեհարդար են տեսնում մյուսների հետ և դա մատուցում են իբրև պայքար նոր Հայաստանի համար: Պետք է վերջ տրվի ոհմակային մտածողությանը: Չէ՞ որ մարդիկ հենց դրա դեմ ոտքի կանգնեցին»:

Placeholder