Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բենքսին պատրաստվել էր ոչնչացնել «Կարմիր փուչիկով աղջիկը» ամբողջությամբ
Բրիտանացի նկարիչ Բենքսիի գաղափարը «Կարմիր փուչիկով աղջիկը» (Girl With Red Balloon) կտավի «ինքնաոչնչացման» ժամանակ չի իրականացվել ամբողջությամբ այնպես, ինչպես նախատեսված էր։ ՏԱՍՍ-ը գրում է, որ կտավի շրջանակի տակ տեղադրված թղթի շրեդերը (մանրատամ մեքենա), որը գործել է Sotheby's աճուրդում նկարի վաճառքից անմիջապես հետո, պետք է ամբողջությամբ ոչնչացներ նկարը, այլ ոչ թե մինչև մեջտեղի հատվածը։
Բենքսիի Յութուբյան ալիքում տեղադրված տեսանյութում ցուցադրվում է, թե ինչպես է նկարի կրկնօրինակի դեպքում մեխանիզմն ամբողջությամբ աշխատել։
«Փորձարկման ժամանակ ամեն անգամ աշխատել է»,- նշվում է տեսանյութի մեկնաբանության մեջ, որտեղ ցուցադրված է նաև այն պահը, երբ հեռակառավարման վահանակի միջոցով մեխանիզմը գործի է դրվել։ Այն մարդը, ով սարքն աշխատացրել է, ամենայն հավանականությամբ, աճուրդի ժամանակ դահլիճում է գտնվել։
Ինսթագրամի իր էջում Բենքսին նաև հերքել է Sotheby's-ի մասնակցությունը տեղի ունեցածին։
«Որոշներն ասում են, որ իրականում նկարը չի կտրտվել։ Այն կտրտվել է։ Ասում են նաև, որ աճուրդային տունը դրանում մասնակցություն է ունեցել։ Դա այդպես չէ»,- գրել է նկարիչը։
Հիշեցնենք, որ Լոնդոնում Sotheby's աճուրդի ժամանակ, երբ հայտարարվել է որ նկարը վաճառվել է 1.042 եվրոյով, կտավն «ինքնաոչնչացվել» է շրջանակի տակ տեղադրված հատուկ մեխանիզմի միջոցով։