Կին ղեկավար ունեցող ուժերի ծրագրերում սոցիալական կոմպոնենտը բավականին բարձր էր. փորձագետ
Հասարակություն
13:50 19/10/2018
Հայաստան

Կին ղեկավար ունեցող ուժերի ծրագրերում սոցիալական կոմպոնենտը բավականին բարձր էր. փորձագետ

«Կանանց քաղաքական մասնակցության խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում անցկացված սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու ընտրություններում կանանց մասնակցության մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ ավագանու նախորդ կազմի համեմատ՝ կանանց ներկայացվածության թիվն ավագանիում նույնն է մնացել, սակայն այս արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցությունների ցուցակներում կին թեկնածուների թիվն ավելին էր, քան նախորդին, միջինը՝ 36,2 տոկոս է եղել։

Նշենք, որ նորընտիր ավագանու 65 անդամից միայն 18-ն է կին, ինչը կազմում է 27,6 տոկոսը։

Կանանց քաղաքական մասնակցության խթանումը Հայաստանում» ծրագիրն իրականացվում է «ՕքսԵՋեն» հիմնադրամի կողմից՝  ՊրոՄեդիա-Գենդեր ՀԿ-ի գործընկերությամբ և Շվեդիայի կառավարության ֆինանասկան աջակցությամբ։

Այսօր «Կանանց քաղաքական մասնակցությունը Հայաստանի ընտրական գործընթացներում» խորագրով կլոր-սեղան քննարկման ժամանակ «ՕքսԵՋեն» հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը նշեց, որ ծրագրի նպատակն է խթանել կանանց ներկայությունը և մասնակցությունը Հայաստանում քաղաքական որոշումների կայացման գործընթացներում, զարգացնել քաղաքական ուժերի կին թեկնածուների և ընտրված կին պատգամավորների կարողությունները՝ Ազգային ժողովում քաղաքական որոշումների կայացմանն արդյունավետ մասնակցելու համար, ինչպես նաև շարունակել հանրային քարոզարշավը՝ կանանց քաղաքական մասնակցությունը ազգային մակարդակում խթանելու համար։

Քննարկմանը ներկա էր նաև ՀՀ-ում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնը, ով նշեց. «Եթե ցանկանում ենք փոփոխություններ տեսնել այս ոլորտում, նախ թեմայի շուրջ քաղաքական կուսակցությունների միջև մրցակցություն պետք է տեսնենք, այդ դեպքում նաև իսկական առաջընթաց կտեսնենք։ Ես քաջալերված զգացի, երբ տեսա Երևանի ավագանու ընտրություններից հետո տեղի ունեցած վիճակագրությունը։ Դա տպավորիչ էր և այն պետք է կիրառել որպես գործիք՝ ապագա խորհրդարանական ընտրություններում»։

Նա կարևորեց նաև կանանց կողմից կառավարության կաբինետի անդամ դառնալու պատասխանատվություն վերցնելը։

Panorama.am-ի հետ զրույցում գենդերային հարցերով փորձագետ Լիլիթ Զաքարյանն ասաց. «Այս ընտրությունների ժամանակ կանանց ներգրավվածությունը բավականին բարձր էր, ինչը գալիս է հերքելու այն գաղափարը, որ թե կուսակցություններում բավականին թվով կանայք չկան, կամ ակտիվ կանայք չկան»։

Փորձագետը հիշեցրեց այսպիսի ձևակերպման մասին՝ «արդար կառավարում», որն առաջ է եկել դեռ անցած դարում՝ ֆեմինիստական շարժման արդյունքում. «Այն բավականին լավ տրանֆորմացիա է ապրել և հասել մինչև մեր օրերը։ Որքանով է քաղաքը արդար կառավարվում։ Նկատենք, որ կենցաղային հիմնական ծանրաբեռնվածությունը կանանց վրա է, և այդ առումով կարևոր են կանանց տեսակետից մոտեցումները՝ քաղաքը պետք է հարմարավետ և անվտանգ լինի սոցիալական բոլոր խավերի համար։ Այս հարցերը կանանց տեսանկյունից լրիվ ուրիշ բովանդակություն ունեն։

Անվտանգությունը հիմնականում բնութագրվում է քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից, անվտանգ աղետների ու պատերազմի տեսակետից, իսկ ահա կանանց տեսակետնից՝ դրանք լուսավորված փոփողները, անվտանգ շքամուտքերը, գետնանցումներն են, իսկ առողջ քաղաքը նախ պետք է աղբահանության խնդիր չունենա ու կանաչապատված լինի։  Որոշ կուսակցությունների ծրագրում չի շեշտադրվում այս արդար քաղաքի գաղափարը, գենդերային զգայուն ծրագիրը բացակայում է»,- ներկայացրեց Լիլիթ Զաքարյանը։

Նա նաև ընգծեց, որ քաղաքական կուսակցությունների այն տղամարդիկ, որոնք վաղուց աշխատում են կանանց հասարակական կազմակերպությունների ու առհասարակ քաղհասարակության հետ, իրենց ծրագիրն այս առումով տարբերվում էր և վերը նշված հարցերը ընդգրկած էին իրենց մոտ։

Մեր զրուցակիցը հավելեց. «Առանձին նայել ենք բոլոր ուժերի ծրագրերը և, այնուամենայնիվ, կին ղեկավար ունեցող ուժերի ծրագրերում սոցիալական կոմպոնենտը բավականին բարձր էր»։

Placeholder