Գյուղատնտեսության աշխատողի օրն է
Տնտեսություն
10:33 21/10/2018
Հայաստան

Գյուղատնտեսության աշխատողի օրն է

Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ: Նա գյուղատնտեսության ոլորտում ներգրավված աշխատողներին մաղթել է բարեկեցություն, միշտ լի ու բերքառատ տարիներ, հայրենի հողում խաղաղ երկնքի տակ բերք ու բարիք արարելու երջանկություն, իսկ այսօր՝ տոնական բարձր տրամադրություն:

Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության տարածած ուղերձում մասնավորապես ասված է.


«Մաղթանքս է, որ գյուղատնտեսությունը մեր երկրում դառնա  նորարարական, բարձր շահութաբերություն ապահովող, մրցունակ ոլորտ: Վստահ եմ՝  դրան հասնելու ճիշտ ճանապարհին ենք և անպայման հաջողելու ենք:


Գյուղատնտեսությունում նոր տեխնոլոգիաների, նոր գիտելիքի  կիրառումը, ագրոբարեփոխումների լայն թափով իրականացումն այլընտրանք չունեն:  Հապաղելու ժամանակ չունենք և պետք է ուժերի առավելագույն լարմամբ համատեղ ջանքերով հասնենք լավագույն արդյունքի:

Գյուղատնտեսությունը երկրի և տնտեսության համար ռազմավարական ոլորտ է և հանդիսանում է կառավարության առաջնահերթություններից: Շարունակելու ենք ուշադրություն  դարձնել ինտենսիվ այգիների ու ոռոգման արդիական համակարգերի ներդրման խթանմանը, սուբսիդավորման ծրագրերի արդյունավետության բարձրացմանը, սերմնաբուծության զարգացմանը, գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավմանը, գյուղատնտեսական կոոպերացիայի խթանմանը, գինեգործական արտադրանքի մրցունակության և վարկանիշի բարձրացմանը, ապահովագրական համակարգի ներդրմանը»:

Placeholder
Գյուղատնտեսության աշխատողի օրն է