Գումբուրդոյի տաճարի վերանորոգումը շարունակվում է
Մշակույթ
14:45 23/10/2018
Տարածաշրջան

Գումբուրդոյի տաճարի վերանորոգումը շարունակվում է

Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղի 10-րդ դարի եկեղեցու վերանորգման աշխատանքները շարունակվում են։ Ներկա դրությամբ վերականգնվում են եկեղեցու պատերը, հաջորդ քայլը գմբեթի վերականգնումն է։ Գումուրդոյի Աստվածամոր տաճարի վերանորոգումը սկսվել է 2016 թվականի հուլիսին։

Jnews-ի հաղորդմամբ, նախապես հայտարարվել էր, որ աշխատանքները կտևեն 3 տարի, սակայն հիմա որպես վերջնաժամկետ նշվում է 2021 թվականը։ Եկեղեցու վերանորոգման աշխատանքներին մասնակցում են տարբեր մասնագետներ Թբիլիսիից և Ասպինձայից, ինչպես նաև տեղացիները։ Տաճարի վերանորգման ժամանակ օգտագործվում են պեղումների ժամանակ հայտնաբերված յուրաքանչյուր նախշաքար։

«2015 թվականին առաջին անգամ իրականացվել է հնէաբանական պեղումներ, իսկ 2016-ին արդեն սկսվել են աշխատանքները և վերանորոգման ամբողջական աշխատանքները ուզում ենք ավարտել 2021 թվականին։ Եթե անցած տարվա պրովոկացիան չհաշվենք, ապա ամեն ինչ շատ լավ ու հարթ է ընթանում», -ասել է Մշակութային ժառանգության պահպանության գործակալության տնօրեն Նիկա Անթիձեն։

Տաճարի վերանորգման համար գործակալության հետ մեկտեղ 3 000 000 լարի ֆինանսավորում է «Քարթու» հիմնադրամը:

Նիկա Անթիձեի խոսքով, վերանորոգման աշխատանքների ժամանակ պետք չէ շտապել, քանի որ մանրակրկիտ աշխատանք է պահանջվում. «Մենք չենք շտապում, ամենակարևորն այն է, որպեսզի ոչ մի մանրամասնություն բաց չթողնենք»։

Գումբուրդո գյուղը նշանավոր է 10-րդ դարում կառուցված հոյակապ, մինչև օրս կանգուն տաճարով: Պատմական արխիվները, ինչպես նաև եկեղեցու վիմագրությունները վկայում են, որ այն կոչվել է Սուրբ Համբարձում եկեղեցի, կառուցել է Հովհանես Եպիսկոպոսը 957-964 թթ, Աբխազաց Լևոն Գ. թագավորի թագավորության և Զվիադի Էրիսթավության ժամանակ: Այն ժամանակ Գումբուրդոյում նստում էր Ջավախքի վրաց առաջնորդ՝ Մեծ Բագրատ թագավորը (1027-1072թթ.), ով և կառուցել է եկեղեցու արևմտյան գավիթը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղի բնակիչները ցանկացել էին 10-րդ դարի եկեղեցու բակում խաչքար տեղադրել, որտեղ վերաթաղվել են նախնիների ոսկորների մնացորդները, բայց ոստիկանությունը նրանց թույլ չէր տվել մտնել եկեղեցու բակ՝ ասելով, որ նման հրահանգ ունեն: Գյուղի բնակիչների և ոստիկանների միջև բախումներ էին եղել:

Placeholder
Գումբուրդոյի տաճարի վերանորոգումը շարունակվում է