Աննա Նաղդալյանը՝ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության մասին
Քաղաքական
12:31 24/10/2018
Հայաստան

Աննա Նաղդալյանը՝ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության մասին

«Եթե Ադրբեջանի ԵԱՏՄ անդամակցության հարցը դրվի օրակարգ, Հայաստանն իր անդամակցությունից բխող ողջ գործիքակազմով կձեռնարկի համապատասխան քայլեր»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի  խոսնակ Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով Հայաստանում անցկացվող «Եվրասիական շաբաթ» համաժողովի շրջանակում ՌԴ նախագահի  խորհրդական Սերգեյ Գլազևի հայտարարությանը, թե Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին հնարավոր է։

Մամուլի խոսնակը նշեց, որ ԵԱՏՄ կոլեգիայի ներկայացուցիչն այդ մասով արդեն հայտարարություն է արել՝ ասելով, որ նման հարց օրակարգում չկա:

«ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերում հստակորեն նշված է՝  անդամ կարող է դառնալ այն պետությունը, որը որևէ գործողություն չի արել  ի վնաս կառույցի և անդամ պետություններից որևէ մեկի»,- ընդգծեց Աննա Նաղդալյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչու Լյուքսեմբուրգում  ՀՀ  արտգործնախարարը չի հանդիպել Ադրբեջանի արտգործնախարարին այն դեպքում, երբ վերջինս հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հետ, Աննա Նաղդալյանը նշեց, որ նախարարը մասնակցում էր Արևելյան գործընկերության անդամակցող պետությունների արտգործնախարարների հանդիպմանը, և երկու նախարարների ներկայությունը նույն հարթակում  դրանով էր պայմանավորված:

«ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը խաղաղ բնույթ է կրում, որի շրջանակում պահանջվում է մշտական կապ համանախագահների հետ: Նույն օրը  ֆրանսիացի համանախագահի հետ հանդիպում  է ունեցել  ՀՀ արտգործնախարարը,  նա նաև  մշտական կապի մեջ է համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցչի հետ: Սա պարզապես աշխատանքային բնույթի հանդիպումներ են»,- ընդգծեց նա:

Placeholder
Աննա Նաղդալյանը՝ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության մասին