Սեպտեմբերին տնտեսության աճը գրեթե զրոյական է, բայց  ճիշտ չէ  ասել՝  տնտեսության վիճակը վատ է. Մեսրոպ Առաքելյան
Տնտեսություն
19:15 24/10/2018
Հայաստան

Սեպտեմբերին տնտեսության աճը գրեթե զրոյական է, բայց ճիշտ չէ ասել՝ տնտեսության վիճակը վատ է. Մեսրոպ Առաքելյան

ՀՀ վիճակագրական կոմիտեն հոկտեմբերի 22-ին հրապարակեց 2018 թվականի  հունվար-սեպտեմբերի մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք, մեղմ ասած, այնքան էլ հուսադրող չեն:

Վիճակագրության համաձայն՝ 2018  թվականի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5%-ով, մինչդեռ ՏԱՑ-ը 2018 թվականի սեպտեմբերին 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ  կազմել է 0.2 %:

Սեպտեմբերին առավել մեծ անկում է գրանցվել գյուղատնտեսության ոլորտում՝ 2017 թ-ի հունվար-սեպտեմբերի նկատմամբ նվազելով 17.7 տոկոսով: Ցածր աճ է գրանցվել նաև արդյունաբերության ոլորտում: Մասնավորապես, սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արձանագրվել է ընդամենը  0.9% աճ, որի արդյունքում այս տարվա 9 ամիսներին Հայաստանում գրանցվել է արդյունաբերության ընդամենը 4 տոկոսի աճ:

ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ, այո, սեպտեմբերին տնտեսության աճը գրեթե զրոյական է, սակայն  միայն մեկ ամիսը չի ամբողջացնում ընդհանուր տնտեսության ամբողջական  պատկերը:

«Եթե վերլուծում ենք տնտեսական աճի կառուցվածքը, ապա տեսնում ենք, որ անկումը հիմնականում պայմանավորված է սեպտեմբերին գյուղատնտեսության մոտ 18 տոկոս նվազումով: Այստեղ բավականին մեծ է սեզոնայնության գործոնը, իսկ մնացած ոլորտներում, օրինակ, շինարարությունում  արձանագրվել է 3,5 %, առևտրի ոլորտում՝  մոտ 9 % աճ: Այսինքն՝ ճիշտ չէ ֆիքսվել միայն այդ ցուցանիշի վրա»,- նշեց տնտեսագետը:

Նրա խոսքով՝ տարվա ընթացքում տարբեր ոլորտներում տարբեր  գործոններ կարող են ունենալ և դրական, և բացասական կարճաժամկետ էֆեկտներ,  որոշ ամիսներին կարող է լինել  աճ, իսկ հետո՝  լուրջ տատանումներ, ուստի, ըստ նրա,  հիմնվել  միայն սեպտեմբերի ցուցանիշների վրա և ասել, որ տնտեսության վիճակը վատ է, ճիշտ  չէ:

Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ այս տարվա հունվար-սեպտեմբերին  նախորդ տարվա համեմատ տնտեսության ակտիվության ցուցանիշը կազմում է 6,5 %  աճ, ինչը բավականին նորմալ ցուցանիշ է. «Կարծում եմ,  որ տարեվերջին նորմալ տնտեսական աճ կունենանք»:

Ըստ վարչապետի խորհրդականի՝ կառավարության նպատակն ամենևին մակրոտնտեսական ցուցանիշների արմագրումը չէ, կառավարության նպատակն է ունենալ այնպիսի տնտեսական աճ, որը կբերի բիզնեսի զարգացմանն ու մարդկանց  բարեկեցության մակարդակի բարձրացմանը: «Այո, կառավարության գործունեության առաջին ամիսներին էլ, այսօր էլ կան որոշ խնդիրներ, բայց արվում է առավելագույնը  հնարավորինս սեղմ  ժամկետներում  հասնել նրան, որը երկրում լինի  որակական տնտեսական աճ»,- ընդգծեց տնտեսագետը:

Նրա խոսքով՝  հեղափոխությունից հետո բիզնեսի և հասարակության սպասումները բավականին մեծ են, սակայն կան օբյեկտիվ պատճառներ՝ քաղաքական իրավիճակը, սպասվող արտահերթ ընտրությունները, տասնամյակներով կուտակված խնդիրները, որոնք տնտեսությունը բերում են նման վիճակի: Սակայն, ըստ Մեսրոպ Առաքելյանի, այդ խնդիրները լուծման փուլում են գտնվում և անհրաժեշտ է որոշակի ժամանակահատված, որից հետո արդեն կարող են ունենալ տնտեսության որակական աճ:

Կարևոր քայլերից  մեկը համարեց այն, որ ներկայիս իշխանությունը որևէ հովանավորչություն չունի տնտեսության վրա և ցանկացած տնտեսվարող հնարավորություն ունի բիզնես գործունեություն ծավալել:  Սակայն այստեղ ևս անհրաժեշտ են բարեփոխումներ՝  հարկային օրենսգրքում փոփոխություններ և այլն:  «Մեր նպատակն  է ունենալ այնպիսի բիզնես միջավայր, որը հնարավորություն կտա և տեղական, և օտարերկրյա ներդրողներին ավելի մեծ տեմպերով ներդրումներ կատարել»,- ընդգծեց Մեսրոպ Առաքելյանը:

Վարչապետի խորհրդականը միաժամանակ նշեց, որ առաջիկա ամիսներին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններով պայմանավորված, չեն կարող ակնկալել տնտեսական լուրջ աճ,սակայն ընտություններից հետո, երբ երկրում վերջնական կայունացում կլինի , կառավարությունն առաջին հերթին կլծվի  տնտեսության բարեփոխումների իրականացման գործին:

«Կարծում եմ, որ հաջորդ տարվա ընթացքում  տնտեսությունում էական դրական փոփոխությունների ականատես կլինենք»,- նշեց Մեսրոպ Առաքելյանը:

Placeholder
Սեպտեմբերին տնտեսության աճը գրեթե զրոյական է, բայց ճիշտ չէ ասել՝ տնտեսության վիճակը վատ է. Մեսրոպ Առաքելյան