Լույս է տեսել արցախցի զինվորական բանաստեղծ Արմեն Բարխուդարյանի «Սիրահարների  կղզին»
Մշակույթ
09:00 30/10/2018
Հայաստան

Լույս է տեսել արցախցի զինվորական բանաստեղծ Արմեն Բարխուդարյանի «Սիրահարների կղզին»

Արցախցի բանաստեղծ, զինվորական Արմեն Բարխուդարյանի անդրանիկ՝ «Սիրահարների  կղզին» ժողովածուն դրվել է ընթերցողի սեղանին: Գրքի հիմնական թեման սերն է, կյանքի այն մեծ շարժիչ ուժը, որը երբեմն մարդուն հասցնում է վեհ բարձունքներ, երբեմն շղթայում՝ նետելով վշտերի ծովը: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

«Ներշնչանքիս աղբյուրը հանդիսացել է Գաբրիել Գարսիա Մարկեսի՝ աշխարհին հայտնի, Նոբելյան մրցանակի դափնեկիր «Սերը ժանտախտի օրերին»  վեպը և «100 տարվա մենություն» վեպը: «Սիրահարների կղզին» գրքում պատկերված  են այնպիսի տեսարաններ, որոնցից  ոմանց, վստահաբար, ականատեսը եղել է նաև գրքի ընթերցողը»,-գրքի մասին պատմում է հեղինակը:

Բանաստեղծի խոսքով՝ այնտեղ նկարագրված են՝ սեր, դավաճանություն, բերկրանք, միայնություն, կարոտ, թախիծ, հիասթափություն, երջանկություն նպատակասլացություն,  ապրելու և հաղթելու ձգտում, սիրահարների բաժանում, հանդիպման  բերկրանք: Գրքում պատկերված է այն աղջիկների կերպարը, որոնց համար սերը դրված է փողի նժարին ու, ցավոք, փողը ծանր կշիռ ունի նրանց աշխարհում: Նկարագրված է նաև այնպիսի աղջիկների կերպար, որոնց թիվը բավականին սակավ է, սակայն նրանց տեսակը դեռ չի վերացել:

Հեղինակի խոսքով, «Սիրահարների կղզին» գրքի հիմքում դրված է այն գաղափարը, որ առանց կնոջ աշխարհը կլիներ դժգույն, անհետաքրքիր, երջանկությունից զուրկ:

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունից տեղեկացնում են, որ գրքում ներառված են հեղինակի ՝ 8 տարվա 100-ից ավելի բանաստեղծություններ: Մինչև գիրքը լույս տեսնելը մի քանի բանաստեղծություն հրատարակվել է Արցախի թերթերում: 

Ի դեպ,Արմեն Բարխուդարյանը զուգահեռ աշխատում է հաջորդ գրքի վրա: Հետագայում ցանկանում է գրել արձակ ոճում:

 

Placeholder
Լույս է տեսել արցախցի զինվորական բանաստեղծ Արմեն Բարխուդարյանի «Սիրահարների կղզին»