Ժերեմի Դելվերը տպավորվել է «Գառնի» տաճարի շքեղությամբ
Մշակույթ
20:43 29/10/2018
Հայաստան

Ժերեմի Դելվերը տպավորվել է «Գառնի» տաճարի շքեղությամբ

Այսօր և 30-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Քեզ համար, Ազնավուր» խորագրով համերգ կկայան՝ նվիրված Մեծ Շանսոնիեի հիշատակին: Որպես երեկոյի հյուր ելույթ կունենա նաև ֆրանսիացի երգիչ, բարիտոն Ժերեմի Դելվերը: Նա կկատարի Շառլ Ազնավուրի քաղաքացիական հոգեհանգստի ժամանակ հնչած «Հայկական վալս» ստեղծագործությունը:

Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ ֆրանսիացի երգիչ, բարիտոն, ֆրանսիական ազգային գվարդիայի երգչախմբի անդամ Ժերեմի Դելվերը նախօրեին այցելել է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ուղեկցությամբ նա շրջել է արգելոցի տարածքում` ծանոթացել հայկական ճարտարապետության գոհարներից մեկի պատմությանը, ունկնդրել` տաճարի ներսում հնչող հայկական դուդուկի հնչյունները: Հայկական երաժշտությունը  Ժ. Դելվերին հիշեցրել  է  Շառլ Ազնավուրին տված վերջին հրաժեշտը:

«Շառլ Ազնավուրը ինձ համար եղել է և կմնա համաշխարհային մեծության երգիչ: Ազնավուրի երգերով սերունդներ են դաստիարակվել: Նրա գլխավոր ուղերձներից  մեկը, որ մարդկության ապագան երիտասարդներն են` միշտ կմնա մեզ հետ», - ասել է Ժերեմի Դելվերը:

Ֆրանսիական ազգային գվարդիայի երգչախմբի անդամը կարճ ժամանակով է Հայաստանում: Նա տպավորվել է «Գառնի» տաճարի շքեղությամբ, բայց նաև խոստովանել է, որ չի հասցնի ծանոթանալ  հայկական մշակույթի ամբողջ գեղեցկությանը: Առաջիկա  օրերին Դելվերը  կմեկնի` արձակուրդներին կրկին վերադառնալու  ակնկալիքով:

Լուսանկարները՝ ՊՈԱԿ-ի կայքից։ 

Placeholder
Ժերեմի Դելվերը տպավորվել է «Գառնի» տաճարի շքեղությամբ