Փոքր ՀԷԿ-երի 95 տոկոսում ջրաչափ տեղադրված չէ. Նիկոլ Փաշինյան
Տնտեսություն
13:26 01/11/2018
Հայաստան

Փոքր ՀԷԿ-երի 95 տոկոսում ջրաչափ տեղադրված չէ. Նիկոլ Փաշինյան

«ՀՀ-ում տեղի է ունենում տնտեսական առողջացման և տնտեսական տրանսֆորմացիայի մեկնարկ», - այս մասին այսօր խորհրդարանի հատուկ նիստում իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ երկու ամիս առաջ հրապարակել է տնտեսական առաջընթացի կառուցվածքի մասին կառավարության պատկերացումը, որի քաղաքական արձանագրումը, հետևյալն է. «Մենք ագրարային հանքարդյունաբերող, ընդերք քանդող և խաղադրույք կատարող երկրից պետք է վերածվենք տեխնոլոգիական արտադրանքի արդյունաբերական և արտահանմանը միտված տնտեսություն ունեցող երկրի»։

Խոսելով գյուղատնտեսությունին, վարչապետի թեկնածուն նշեց, որ այն շարունակում է չհամապատասխանել ժամանակակից պահանջներին՝ ոռոգման ջրի, վնասատուների դեմ պայքարի և այլնի առումով:

«Մենք այսքան ասում ենք ստվերային տնտեսություն, բայց մեր երկրում կան ստվերային այգիներ: Այո, հեկտարներով այգիներ, որոնք ոչ մի տեղ հաշվառված չեն, որ դրա համար հարկեր չվճարեն: Ամեն անգամ, երբ տարեսկզբին պլանավորում ենք ոռոգման ջրի անհրաժեշտ ծավալները, տարվա կեսին պարզվում է, որ դրանք սպառվել են, ոչ մեկը չի կարող բացատրել, թե որտեղ է ջրի քանակը, որոնք, ըստ պաշտոնական թվերի, մեզ պետք է բավականացներ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ ևս մեկ գործոն կա, որն ազդում է տնտեսական աճի վրա՝  բյուջեի ծախսային մասի թերակատարումը. «Հեղափոխությունից հետո թերակատարման ռեժիմով ենք գնում: Պատճառը կոռուպցիայի դեմ պայքարի մեր քաղաքական գիծն է: Բազմաթիվ ծրագրեր իրականացվում են ոչ արդյունավետ, և ստիպված ենք եղել ամեն ծրագրի վերաբերվել առանձնակի ուշադրությամբ։ Տարբեր քննչական մարմիններում քննվում է 200 մլն դոլարի քրեական գործ՝ չարաշահումների, վատնումների վերաբերյալ»։

Նա հայտնեց, որ վերջերս ստուգումներ են իրականացրել Հայաստանում գործող 188 փոքր ՀԷԿ-ից 150-ում։

«Դրանց 95 տոկոսում, ի հեճուկս օրենքի պահանջի, ջրաչափ տեղադրված չէ։ Սա խայտառակ երևույթ է։ Այդ փոքր հէկ-երի մեծ մասում տեղադրված են այնպիսի գեներատորներ, որոնք չեն համապատասխանում լիցենզիայի պահանջներին։ Այսինքն, ունենք մի իրավիճակ, երբ վերցվում է ավելի շատ ջուր, ավելի հզոր գեներատոր օգտագործելու համար, ավելի շատ էլեկտրաէներգիա և ավելի շատ եկամուտ ստանալու համար, որն ըստ էության, ոչ միայն ջրային բալանսի խախտման է բերում, այլև՝ պետական եկամուտների կորստի։ Հիմա պետք է աշխատենք բաց թողնված եկամուտը վերականգնելու ուղղությամբ», - ներկայացրեց վարչապետի պաշտոնակատարը։

Նշենք, որ մինչ ելույթ ունենալը Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն էր արել. 

««Ելք» խմբակցության ղեկավարի իմ նախկին աշխատասենյակի պատշգամբից նայում եմ ԱԺ այգուն:

Երիտասարդ մայրը և փոքրիկ որդին վազվզում են ԱԺ այգու սիզամարգին, ծառերի տակ: Շենքի ներսում ԱԺ նիստ է, բուռն քննարկումներ:

ՀՀ վարչապետ, վարչապետի թեկնածուն մտածում է քիչ անց ունենալիք ելույթի մասին ու նայում է երիտասարդ մայրիկին ու նրա փոքրիկ որդուն:

Նրանք ակնհայտորեն երջանիկ են: Եվ սա է ամենակարևորը»:

Placeholder
Փոքր ՀԷԿ-երի 95 տոկոսում ջրաչափ տեղադրված չէ. Նիկոլ Փաշինյան