Տպավորություն է, որ Սերժ Սարգսյանի վրա կարված վերարկուն Նիկոլ Փաշինյանին շատ է դուր եկել. Արամ Սարգսյան
Քաղաքական
12:51 05/11/2018
Հայաստան

Տպավորություն է, որ Սերժ Սարգսյանի վրա կարված վերարկուն Նիկոլ Փաշինյանին շատ է դուր եկել. Արամ Սարգսյան

«Արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախընթաց՝ որևէ բան չի փոխվել։ Եթե օրենքը մնացել է նույնը, ամեն ինչ նույնն է մնացել»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ ստեղծվել է երկիրը միանձնյա կառավարելու ռեալ վտանգ։

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Սերժ Սարգսյանի վրա կարված վերարկուն Նիկոլ Փաշինյանին շատ է դուր եկել։ Մենք մուտք ենք գործում անկայունությամբ հղի մի շրջան։ Եթե մենք այս ընտրությունները համարենք ոչ լեգիտիմ, հակասություններն ավելի են խորանալու։ Շատերը տեսնում էին ժողովրդի աջակցությունը ներկա իշխանություններին, իսկ ես տեսնում եմ իշխանության անփորձությունն ու հեռատեսության բացակայությունը»,- նշեց բանախոսը։

Արամ Սարգսյանն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ նոր իշխանության կառավարման օրոք ևս արտագաղթը շարունակվում է։

Ասուլիսին ներկա նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանն իր հերթին շեշտեց, որ գործող իշխանությունը չկարողացավ ազատվել իր ստացած ծանր ժառանգությունից։

«Այս Ընտրական օրենսգրքով ընտրությունների չի կարելի գնալ։ Այն ի սկզբանե ոչ լեգիտիմ խորհրդարան է ծնում, հին ընտրակարգով փող բաժանելու մեխանիզմն է ներդրված։ Կաշառք այսօր էլ են տալիս, ուղղակի եթե նախկինում հազար հոգի էին տալիս, այսօր՝ հարյուր։ Հիմա էլ կտան, եթե ոչ փողի տեսքով, ապա ալյուրի, կարտոֆիլի և այլն։ Պայքար է գնալու թաղային հեղինակությունների միջև, ընտրակաշառք բաժանելու են այն մարդիկ, ովքեր սովոր են դրան»,- կանխատեսեց նախկին պատգամավորը։

Ըստ Լյովա Խաչատրյանի՝ այժմ անցումային շրջան է, որից հետո իշխող ուժը կմատնանշի հերթական ընտրությունների ժամանակացուցը՝ ԸՕ-ի և սահմանադրական փոփոխություններից հետո. «Ռևանշի ցանկություն իսկապես կար, հոկտեմբերի երկուսն արագացրեց արտահերթ ընտրությունները»։

Հարցին՝ նոր խորհրդարանում հայտնվելու ինչ հնարավորություններ ունեն ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն, Արամ Սարգսյանը նշեց, որ ՀՀԿ-ին հավատարիմ մի քանի գործիչներ անկասկած որոշակի քվեներ կապահովեն, ինչի արդյունքում էլ ԱԺ-ում Հանրապետական կուսակցության խմբակցություն կձևավորվի, ընդ որում՝ կարևոր չէ՝ քանի հոգանոց։ Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա այդ կուսակցությունը կօգտագործի իր բոլոր հնարավորությունները։

Placeholder
Տպավորություն է, որ Սերժ Սարգսյանի վրա կարված վերարկուն Նիկոլ Փաշինյանին շատ է դուր եկել. Արամ Սարգսյան