Պարոն Մեսչյանին կխնդրեմ ոչ միայն հայտարարություններով հանդես գալ. Ճարտարապետ
Մշակույթ
13:06 07/11/2018
Հայաստան

Պարոն Մեսչյանին կխնդրեմ ոչ միայն հայտարարություններով հանդես գալ. Ճարտարապետ

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը երեկ հայտարարեց, որ  «Հին Երևան» ծրագրի մեջ գտնվող ոչ մի հուշարձան չի քանդվելու, սակայն այդ հայտարարությունից հետո Արամի 23 հասցե են գնացել ոմն տղամարդիկ՝ ցանկությամբ քանդել հարևան շինությունը։ Ահազանգել են ոստիկանություն, քաղաքապետարան։

«Դրա հետևանքով  մեր շենքի պատը, որն այսօր կամ վաղը  կքանդվի, միանգամից կարող է քանդվել»,- «Արամի 23 շենքը չի քանդվի, սակայն ինչպե՞ս պահպանել, որ չփլուզվի» թեմայով քննարկմանն ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյան։

Հենց Արամի 23-ում է երգչախումբը կատարում իր փորձերը։

Նա նշեց, որ որպես շենքի սեփականատեր բավարարված չեն Մեսչյանի ելույթից այն առումով, որ որևէ ժամկետ չարծարծվեց, թե երբ կներկայացվի երկրորդ նախագիծը, երբ կներկայացվի նախարարություն, երբ կսկսեն շինարարությունը։

«Ստացվում է այսպես՝ մենք շենք չենք քանդում, ինքն իրեն կքանդվի»,- ընդգծեց նա։

Տ. Հեքեքյանն ասաց, որ սեպտեմբերից մինչև օրս երգչախմբից 15 երեխա է դուրս եկել՝ պայմանների, միջավայրի պատճառով, շատ կարևոր հրավեր են ունեցել, սակայն մերժել են՝ «սիրտ չկա, անհանգիստ են, չեն կարող լքել, ամեն րոպե պատրաստ են լինել շենքի կողքը»։

«Խաթարված է «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի կառույցում գործող երգչախմբի՝ թվով 160 երեխա,  աշխատանքը, եթե այսպես գնա մենք հետո հնարավոր է չկարողանանք վերականգնվել»,- ասաց Տ. Հեքեքյանը։

ՀՀ Մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանն ասաց, որ «Հին Երևանի» տարածքում  բոլոր աշխատանքները կատարվում են  ապօրինաբար. «Դրանց մասին  բազմիցս հայտարարություններով ենք հանդես եկել, գրություններ ենք ուղարկել, հանդիպումներ ենք ունեցել, հորդորել ենք, սակայն մինչ օրս «Հին Երևանի» տարածքում կատարվում են շինարարական աշխատանքներ ևս ապօրինաբար։ Համաձայն հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության մասին  օրենքում հստակ սահմանված դրույթի, հուշարձանների պահպանական գոտիների տարածքում շինարարական և այլ տեսակի աշխատանքները թույլատրվում է մշակույթի նախարարության կողմից, նման թույլտվություն չկա»։

Ա. Աբրոյանի խոսքով, հուշարձանի ամրակայումը չպետք է լինի ժամանակավոր, միայն վերևի մասով, քանի որ հիմքերի թուլացման պատճառով է հուշարձանն այսօրվա վիճակում։  Նա ասաց, որ եթե հիմքերը չամրակայվեն, որևէ միջոցառում անիմաստ է։ Ա. Աբրոյանն ասաց, որ նախկին ներկայացված նախագծերը չեն գոհացրել մասնագետներին, իսկ նոր նախագիծ ներկայացված չէ։

Քննարկմանը ներկա ճարտարապետ Դավիթ Նահատակյանն ասաց, որ հուշարձանների պահպանության ոլորտում  պետք են արմատական փոփոխություններ։ Նա նշեց, որ վերջին 25 տարում մեծ սխալներով են  կատարվում վերականգնումները, ավելի շատ կարելի է  դասել շինարարության ոլորտին, ոչ թե պահպանությանը կամ ամրակայմանը միտված։

«Ոլորտը պետք է ոտքից գլուխ  փոփոխել, ոչ թե տեղային փոփոխություններ կատարել»,- ընդգծեց ճարտարապետը։

Նա նշեց, որ Արամի 23-ի դեպքում ժամանակ չունեն երկրորդ, երրորդ, չորրորդ նախագծերը քննարկելու, այն գտնվում է ծայրահեղ վթարային վիճակում, կարող է ամեն պահ շենքը քանդվել։ 

«Այս պահին մեզ պետք է անհապաղ միջամտություն։ Պարոն Մեսչյանին կխնդրեմ ոչ միայն հայտարարություններով հանդես գալ, իհարկե, ողջունելի է, որ այլևս չի քանդվի, այլ հստակ քայլեր արվի, օր առաջ վերացվի վթարային շենքի խնդիրը»,- ասաց Դ. Նահատակյանը։ 

Placeholder
Պարոն Մեսչյանին կխնդրեմ ոչ միայն հայտարարություններով հանդես գալ. Ճարտարապետ