Հնդկաստանի 4 քաղաքացի ապօրինի հատել է հայ-թուրքական սահմանը
Իրավունք
12:25 08/11/2018
Հայաստան

Հնդկաստանի 4 քաղաքացի ապօրինի հատել է հայ-թուրքական սահմանը

Նոյեմբերի 7-ին Արմավիրի սահմանապահ ջոկատի ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձի պահին ձերբակալել են 4 անձի, որոնց մոտ փաստաթղթեր չեն եղել: 

Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախնական տվյալներով սահմանախախտները Հնդկաստանի քաղաքացիներ են: Նրանց մոտ եղել են ուսապարկեր՝ անձնական իրերով և գումարով:

Նրանք բացատրել են, որ կյանքի լավագույն պայմանների որոնման նպատակով Հայաստան են եկել, որպեսզի հետագայում Թուրքիայի տարածքով անօրինական ճանապարհով հասնեն ԵՄ անդամ երկրներ:

Ձերբակալված քաղաքացիները փոխանցվել են կոմպետենտ մարմիններին՝ բոլոր հանգամանքները պարզելու համար:

Իսկ ասում էին՝ սովորելու....

Ի դեպ՝ արդեն գրել էինք՝ վերջին ամիսներին Հայաստանում զգալիորեն աճել է հնդիկների թիվը։  ՀՀ արտգործնախարարությունը պատասխանեց, որ ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 16-ի N1435-Ն որոշմամբ՝ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիները 2017 թվականի նոյեմբերի 22-ից սկսած ՀՀ մուտքի արտոնագրեր կարողանում ենք ձեռք բերել ՀՀ սահմանային անցակետերում, ինչպես նաև «Էլեկտրոնային վիզա» համակարգի միջոցով:

Այս հանգամանքն էականորեն նպաստել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետություն այցելությունների քանակի շեշտակի աճին. Ըստ այդմ՝ 2016 թվականին Հնդկաստանի Հանրապետության 3204 քաղաքացի է ստացել ՀՀ մուտքի արտոնագիր, 2017 թվականին՝ 10642, իսկ 2018 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ 28659:

Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության դեսպանատնից մեկնաբանել էին, որ հատկապես մուտքի արտոնագրերի տրամադրումից հետո Հայաստանը հնդիկների համար բավական գրավիչ զբոսաշրջային ուղղություն է հանդիսանում։ Բացի այդ՝ ավելի ու ավելի մեծ թվով հնդիկ ուսանողներ են ցանկություն հայտնում պրոֆեսիոնալ կրթություն ստանալ Հայաստանում՝ հատկապես բժշկական համալսարաններում։

Placeholder