Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Նպաստից դեպի աշխատանք խթանումը մի քանի գործոնների մեջ պետք է դիտարկել, այն ուղղակի այդպես ասելով ու ոգևորությամբ չի կարող իրագործվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ նախ պետք է հասկանալ սկզբունքային առաջնահերթությունը ո՞րն է, պետական բյուջեի ֆինանսական հնարավորություննե՞րը, թե այն խնդիրներն ու մարտահրավերները, որոնք ծառացած են հանրության առջև։
«Առաջնային պետք է լինեն ոչ թե բյուջեի հնարավորությունները, այլ այն խնդիրները, որոնց համար պետությունը պետք է ստանձնի պարտավորություններ։ Հիմա եթե մենք սոցիալական խնդիրները լուծելու պարտավորությունները կապում ենք բյուջեի եկամուտների չափին, ապա ստորադասում ենք սոցիալական խնդիրների լուծումը ֆինանսական հնարավորություններին։ Չպիտի պետությունը պասիվ սպասի միայն հարկային մուտքերին և ըստ այդմ առաջնորդվի սոցիալական խնդիրների լուծմամբ, այլ պետությունը պետք է ունենա ակտիվ դերակատարում իր քաղաքացիների սոցիալական, հատկապես աղքատության ու զբաղվածության խնդիրների լուծման առումով»,- նշեց տնտեսագետը։
Նրա կարծիքով՝ միայն եկամտահարկը համահարթեցնելով խնդիրները չեն լուծվի։
«Նորից, այն նույն մոտեցումն է, որը նախկինում կար՝ ցանկացած ծրագիր, որը բերվում է սոցիալական խնդիրներին միջամտելու, որտեղ պետությունը պետք է փող ծախսի, նայում են ֆինանսական հնարավորություն բյուջեում կա թե չկա, եթե չկա՝ գաղափարը թողնում են հետագային»,- ասաց Թադևոս Ավետիսյանը:
Տնտեսագետը փաստ համարեց նաև այն, որ մենք այսօր աշխատողների շրջանում ունենք աղքատություն. «Քառորդ մասը աշխատողների աղքատ է, իսկ նպաստ ստացողների 25 տոկոսը աղքատ չէ»։
Ինչ վերաբերում է նոր իշխանության այս վեց ամսվա աշխատանքին, Ավետիսյանն ասաց. «Տեսնում եմ դրական շեշտադրումներ, բայց այս շեշտադրումները ի՞նչ ծրագրային մոտեցումներ ունեն։ Նախորդ իշխանություններն էլ էին ասում տնտեսությունը պիտի զարգանա, աղքատությունը պիտի վերացնենք»։