Կենտրոնացված ավարտական քննությունների մասին ԿԳՆ-ն դեռ վերջնական որոշում չունի
Կրթություն, գիտություն
17:27 14/11/2018
Հայաստան

Կենտրոնացված ավարտական քննությունների մասին ԿԳՆ-ն դեռ վերջնական որոշում չունի

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը դիմելով ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին՝ հիշեցրեց. «Ձեր պաշտոնավարման սկզբում խոսեցիք միջին և ավագ դպրոցների ավարտական քննությունների մասին և ասացիք, որ հնարավոր է լինեն որոշ առարկաների կենտրոնացված քննություններ։ Հետագայում Ձեր ասածը չհաստատվեց, կամ չմանրամասնվեց։ Ի վերջո՝ ի՞նչ որոշում է կայացվելու, եթե Ձեր ասածն ուժի մեջ է, ո՞ր առարկաներն են, որ կարող են կենտրոնացված հանձնել»։

Նախարարի պաշտոնակատարը պատասխանեց. «Ճիշտն ասած երկու օր առաջ են ինձ տվել հայերենից և մաթեմատիկայից արտաքին գնահատման արդյունքները, և պետք է ասեմ, որ ունենք ցավալի արդյունքներ։ Մենք ասում էինք, որ հնարավոր է այս տարի հնարավոր է անցնենք մեկական քննության 9-րդ և 12-րդ դասարաններում և դա լինի հայերենից, բայց փորձագետները, մասնագետները շարունակում են պնդել, որ լուրջ խնդիր ենք ունենալու կտրված աշակերտների թվի առումով՝ միասնական քննության դեպքում։ Խնդիրը մտահոգիչ է հատկապես 12-րդ դասարանում, քանի որ զորակոչի հետ կապված կարող է խնդիր ունենանք»։

Նա նշեց, որ արդյունքներն ու հնարավոր հետևանքները կքննարկեն նաև ՊՆ հետ։

«Բայց պետք է ասեմ, որ այս արտաքին գնահատումը վեր հանեց այն ամենավատ սպասելիքները, որ կարող էինք ունենալ։ Կաշխատենք հնարավորին կարճ ժամանակահատվածում բոլոր այս արդյունքներն ամփոփել և հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերջանական որոշում կայացնենք սրա հետ կապված»,- հավելեց նա։

Placeholder