ՊԵԿ նախագահ. Քրեական գործ հարուցելը դեռ դատավճիռ չէ
Տնտեսություն
14:05 15/11/2018
Հայաստան

ՊԵԿ նախագահ. Քրեական գործ հարուցելը դեռ դատավճիռ չէ

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում չարաշահումներ են հայտնաբերվել  պլանային ստուգումների արդյունքում։ Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճապազրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

ՊԵԿ-ն ամիսներ առաջ հրապարակել է ռիսկերի չափանիշների հիման վրա գնահատված ստուգման ենթակա հարկ վճարողների ցանկը, որում ընդգրկված  է եղել նաև Գազպրոմ Արմենիա ընկերությունը։

«Բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության հետ կապված ստուգման արդյունքում  հարկային ծառայողների կողմից որոշակի տեղեկատվություն է բացահայտվել, որը ներկայացվել է ՊԵԿ քննչական վարչություն, հաղորդում է տրվել հետգա ստուգումներ իրականացնելու համար։ Այս պահին քննիչի որոշման հիման վրա հարուցվել է քրեական գործ»,-ասաց կոմիտեի ղեկավարը։

Անանյանը շեշտեց, քրեական գործ հարուցելը դեռ դատավճիռ չէ, դրա շրջանակում պետք է կատարվեն այնպիսի գործողություններ, որոնք հնարավոր չէ իրականացնել ստուգման շրջանակում։

Հարցին, հնարավո՞ր է քրեական գործի ավարտից հետո, գազի սակագինը որևէ փոփոխության ենթարկվի, Անանյանը նշեց, դա խոր վերլուծություն ու բարդ հաշվարկներ է ենթադրում, այս պահին ասել չի կարող։

ՊԵԿ-ից ավելի վաղ հայնտել էին, որ բացահայտվել են մի շարք խախտումներ և առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորություններ չվճարելու դեպքեր: Մասնավորապես՝ ՊԵԿ խոշոր ու միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության աշխատակիցների կողմից ընկերությունում իրականացված հարկային համալիր ստուգման ընթացքում պարզվել է, որ  Գազպրոմ Արմենիա ՓԲԸ-ն 2016 և 2017 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվարկներում ներառել է ակնհայտ կեղծ տվյալներ, ինչի արդյունքում մի քանի միլիարդ դրամի չափով պակաս է հաշվարկել հարկային պարտավորությունները:

Ի պատասխան «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարեց. «Համալիր հարկային ստուգումը ներկայումս փաստացի ընթացքի մեջ է և առ այսօր ՊԵԿ-ը ‹‹Գազպրոմ Արմենիա›› ՓԲԸ-ին ՀՀ հարկային օրենսդրության դրույթները խախտելու որևէ դրվագ չի ներկայացրել»։

Placeholder
ՊԵԿ նախագահ. Քրեական գործ հարուցելը դեռ դատավճիռ չէ