Հայաստան ներկրվող գազի գնի վերաբերյալ ավարտական արդյունք չկա. Հրանտ Թադևոսյան
Քաղաքական
18:01 15/11/2018
Հայաստան

Հայաստան ներկրվող գազի գնի վերաբերյալ ավարտական արդյունք չկա. Հրանտ Թադևոսյան

Ներկա փուլում ՀՀ ներկրվող գազի գնի վերաբերյալ ավարտական արդյունք չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրեն Հրանտ Թադևոսյանը:

Նրա խոսքով՝ 2016 թվականից երկու անգամ գազի սակագնի նվազեցում են արել: Ըստ նրա՝ սակագնի նվազման համար հիմք են ընդունում գազի ներկրման գինն ու մարժան:

«Գազի ներկրման գինը որոշվել ու որոշվում է միջպետական կառավարական համաձայնագրերով: Այս փուլում ՀՀ կառավարությունը վարում է բանակցություններ Ռուսաստանի կառավարության հետ, և մենք չենք մասնակցում և չենք էլ մասնակցելու այդ գործընթացներին, քանի որ դրվածքն է այդպիսին։ Այդ համաձայնությունների հիման վրա մեխանիզմներ և գին է սահմանվում, որը «Գազպրոմ» և «Գազէքսպորտ» ընկերությունների համար հիմք է հանդիսանում պայմանագիր կնքելու համար։ Ներկա փուլում 2019 թ-ին ՀՀ ներկրվող գազի գնի վերաբերյալ ավարտական արդյունք չկա»,- նշեց Հրանտ Թադևոսյանը:

Ընկերության տնօրենը նաև ասաց, որ իրենք «Գազպրոմ»-ից 13.4 միլիարդ դրամ են վերցնում, որ ամբողջապես հոգան իրենց ծախսերը. «Մենք վնասով ենք աշխատում: Ճոխ աշխատավարձերը, ինչպես դուք եք ասում՝ 7.5 միլիարդ, ստանում ենք «Գազպրոմ»-ից: 227 հազար դրամը մեր միջին աշխատավարձն է: Այս գումարը նվեր ենք ստանում: 22 միլիարդ դրամի պակաս մուտքեր ունենք, դուք հիմա ասում եք՝ բերենք գազի գինն իջեցնենք, այսինքն՝  գազի գինն իջեցնենք՝ կդառնա 50 մլրդ, ո՞վ կանի, որ բիզնեսմենը կանի»:

Հրանտ Թադևոսյանի խոսքով՝ դրա համար  կրում են վնասներ. «Հիմա հիմնադիրը չի պատրաստվում 2019թ. հետո կրելու այդ վնասները: Ամեն տարի  տալիս է 13.4 միլիարդ դրամ, աշխատավարձերի համար՝ 7.5 մլրդ, ուսումնական համալիր է սարքում, այսինքն՝ նվեր է տալիս, ու ո՞նց եք պատկերացնում այդ աշխատանքը, որ շարունակելու են նորից տա՞լ՝  ինչի՞ համար, իմ սիրուն աչքերի համա՞ր, ձեր սիրուն աչքերի համա՞ր»:

Նա նաև ասաց, որ գազի սակագինը կախված է որակից ու անվտանգությունից:

Դիտարկմանը՝ չի բացառում, որ գինը կարող է նաև բարձրանալ, Հրանտ Թադևոսյանն ասաց.
«Եթե դուք ուզում եք լավ շոր առնել, բացառո՞ւմ եք, որ առնելու եք լավ խանութներից և ուզում եք վատ շոր առնել, բացառո՞ւմ եք, որ գինը կէժանանա»։

Placeholder
Հայաստան ներկրվող գազի գնի վերաբերյալ ավարտական արդյունք չկա. Հրանտ Թադևոսյան