Գյուղատնտեսությունը բիզնես է, որը կարող է կարճ ժամանակում լուրջ հաջողություններ բերել. Գեղամ Գևորգյան
Տնտեսություն
17:26 17/11/2018
Հայաստան

Գյուղատնտեսությունը բիզնես է, որը կարող է կարճ ժամանակում լուրջ հաջողություններ բերել. Գեղամ Գևորգյան

Գյուղատնտեսությունը բիզնես է, որը կարող է կարճ ժամանակահատվածում բերել լուրջ հաջողություններ, եթե կա կամք, աշխատասիրություն և գիտելիք: Այս մասին այսօր «Լոֆթ» կենտրոնում «Գյուղատնտեսություն, որը բիզնես է» խորագրով քննարկման ժամանակ ասաց  ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:

Նրա խոսքով՝ հաջողության հասնելու համար պետք է ունենալ նորարարական տեխնոլոգիաներով հագեցած ժամանակակից գյուղատնտեսություն: Իսկ դրա համար, ըստ նրա, անհրաժեշտ է լուծել մի շարք խնդիրներ. «Առանց նորարարական տեխնոլոգիաների հնարավոր չէ ունենալ 21-րդ դարին համահունչ գյուղատնտեսություն»:

Գեղամ Գևորգյանը նշեց, որ գյուղոլորտի խնդիրներից մեկը վերաբերում է հողերի մասնատվածությանը:

«Գյուղատնտեսական նշանակության հողերը մասնատված են և օգտագործվում են ոչ արդյունավետ: ՀՀ-ում վարելահողերը կազմում են 450 հազար հա, որից 40 տոկոսը չեն օգտագործվում, իսկ մնացածը մասնատված են, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում»,- ասաց նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ դրա համար նախատեսում են Հայաստանում ներդնել հողային բորսայի գաղափարը, ինչը հնարավորություն կտա ֆերմերներին վարձակալել չօգտագործվող հողերը՝ չզրկելով սեփականատերերին իրենց հողերից:

Գեղամ Գևորգյանը նշեց, որ այսօր գյուղատնտեսության ոլորտում քիչ են երիտասարդ մասնագետները: Ըստ նրա՝ պետք է խրախուսել երիտասարդ ֆերմերին. «Գյուղատնտեսության ապագան կրթված երիտասարդներն են, ֆերմերներն են: Մենք  տարբեր գործիքակազմ ենք  դրա համար ներդնելու»:  

Անդրադառնալով բնական աղետներին՝  ասաց, որ դրանք գյուղատնտեսությանը զգալի վնաս են հասցնում, և գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրությունն այդ ոլորտը բնական աղետներից պաշտպանելու լավագույն մեխանիզմն է:

«2019 թվականից ներդրվելու է գյուղատնտեսության ապահովագրության համակարգ: Իհարկե այն պիլոտային է, բայց հավատացնում եմ, որ յուրաքանչյուր տարի մենք ավելացնելու ենք թե աշխարհագրությունը, թե մշակաբույսերի տեսակները, որոնք ֆերմերները կարող են ապահովագրել»,- ընդգծեց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարը:

Նա նաև ասաց, որ  շատ արդյունավետ եղանակ է հակակարկտային ցանցերի կիրառումը. «Այսօր արդեն Հայաստանում ունենք այդ ցանցերի արտադրությունը,  որոնք ավելի մատչելի կլինեն, քան ներկրվածները»: 

Քննարկման ժամանակ գյուղոլորտի մասնակիցները մի շարք հարցեր ուղղեցին Գեղամ Գևորգյանին, դրանց մեծ մասը վերաբերում էին ոռոգման խնդիրներին, ջրի որակին:

«Հայաստանում ոռոգման երկու խոշոր համակարգ կա: 10 տարի առաջ այդ համակարգերի ջրերն այնքան մաքուր էին, որ նույնիսկ ջրի հատակն էր երևում, բայց այսօր ոռոգման ջուրը կեղտոտ է ու հոտած, մինչդեռ ոռոգման ջուրը դաշտ պետք է  գնա մաքուր վիճակում»,- իր մտահոգությունը հայտնեց մասնակիցներից մեկը:

Գեղամ Գևորգյանն ասաց, որ իսկապես ջրի հարցը ամենացավոտներից է. «Ջուրը ոչ միայն սակավության, այլև որակական առումով  լուրջ խնդիր է: Հիմա պետք է հաշվարկներ անենք, այդ ոռոգման համակարգերն ավելի ճիշտ կառուցենք՝ կիրառելով նոր տեխնոլոգիաներ: Այսինքն՝ ֆունդամենտը ճիշտ դնելով պետք է այդ խնդիրը լուծենք»:

Գործարարներից մեկն էլ՝  Արտյոմ Թադևոսյանն ասաց, որ 15 տարի զբաղվում է չրի արտադրությամբ, հինգ տարի առաջ է Հայաստան վերադարձել: Ըստ նրա՝ թեև բավականին լուրջ հաջողությունների է հասնել, սակայն դժգոհ է կառավարության ներկայացրած ծրագրերից:

«Կան բազմաթիվ ծրագրեր, սակայն դրանք արդյունավետ չեն ՓՄՁ-ների և փոքր բիզնեսի համար: Չի եղել կառավարություն-ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչների միջև երկխոսություն, մինչդեռ այդ ծրագրերը մշակելուց պետք է լսել ոլորտի ներկայացուցիչներին»,- ասաց նա:

Նախարարի պաշտոնակատարը համամիտ է,  որ կան խնդիրներ, բայց դրանում միայն իրենք չենք մեղավոր. «Այսօր գյուղատնտեսությունում չունենք արհմիություններ, կոոպերատիվներ, որոնց հետ աշխատենք: Մենք չենք կարող 250 հազար  հոգու հետ երկխոսել: Այո, խոշորների և ՓՄՁ-ների խնդիրներն այլ են, դրա համար պետք է նաև ՓՄՁ-ներն էլ ակտիվ լինեն, առաջարկներով հանդես գան, խոսեն խնդիրների մասին»:

Placeholder
Գյուղատնտեսությունը բիզնես է, որը կարող է կարճ ժամանակում լուրջ հաջողություններ բերել. Գեղամ Գևորգյան