Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գազի սակագնի հարցով բանակցություններն ընթացքի մեջ են. նախարարի պաշտոնակատար
«Գազի սակագների մասով այս պահին դեռևս բանակցություններն ընթացքում են, որևէ նոր բան այս փուլում չեմ կարող ասել»,-այս մասին «Երևանի ՋԷԿ»-ում լրագրողների հետ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:
Նա հիշեցրեց՝ ստեղծվել է փոխվարչապետի գլխավորությամբ աշխատանքային խումբ, որն ուսումնասիրում է գազի սակագնի ձևավորման մեխանիզմները։ Աշխատանքային խմբում ընդգրկված են վարչապետի գլխավոր խորհրդականը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակիցներն և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներ:
«Ստեղծված աշխատանքային խումբը կդիտարկի ինչպես ներմուծման սակագների ձևավորման և մեծության վերաբերյալ բանակցությունները, այնպես էլ սակագների ներքին կառուցվածքային խնդիրները»,-նշեց նախարարի պաշտոնակատարը։
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնին, ապա Գարեգին Բաղրամյանը նշեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տարեկան ուսումնասիրություններ է իրականացնում:
«Մեր նախարարության ենթակայության տակ գտնվող պետական ձեռնարկությունների` օրինակ ատոմակայանի մասով կարող եմ ասել, որ հաջորդ տարի որոշակի աշխատանքների համադրումուվ հնարավոր է եղել կրճատել նորոգման կագնելու տևողությունը»,-ասաց նախարարի պաշտոնակատարը՝ հիշեցնելով, որ 2018 թվականին ատոմակայանի տուրբին-գեներատորը փոխելու աշխատանքների ընթացքում այն վեց ամիս չի աշխատել:
«Մյուսը փոխվելու է հաջորդ տարի։ 1 միլիարդ 880 միլիոն ԿՎատտ ժամ հոսանք է առաքել 2018 թվականին, այն դեպքում, երբ իր սովորական աշխատանքային ռեժիմով դա կազմում է 2.4 միլիարդ, իսկ ամեն 100 միլիոն ԿՎատտ ժամ ատոմակայանից քիչ վերցնելը ընդհանուր կառուցվածքի վրա ունենում է շուրջ 2 միլիարդի ազդեցություն»,- նշեց նախարարի պաշտոնակատարը։
Անդրադառնալով կոնկրետ սակագներին՝ նա հորդորեց դիմել ՀԾԿՀ՝ կոռեկտ չհամարելով խոսել այդ մասին։ Բաղրամյանը հիշեցրեց, որ սակագների հետ բոլոր հարցերը պարզ կլինեն գալիք տարվա փետրվարի 1-ին։
«Գազը հայկական կողմին էլ պետք է մատակարարվի Բելառուսի գնով»
«Բելառուսն անմիջապես սահմանակից է Ռուսաստանի Դաշնությանը։ Բնականաբար, նրան մատակարարվող գազը, գոնե այն մասով, որ ռուսական կողմը վճարում է որպես տարանցում Վրաստանի Հանրապետությանը, պետք է տարբերվեր»,-«Երևանի ՋԷԿ»-ում լրագրողների հետ այսօր տեղի ունեցած հանդիպմանն ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ ԵԱՏՄ անդամ երկրներից մեկը սահմանին ռուսական գազն ավելի էժան գնով է ստանում:
Նրա խոսքով` բանակցություններն ընթանում են այն ուղղությամբ, որ սահմանի գները լինեն համադրելի. «Եթե Բելառուսին մատակարարվում է մի գնով, պետք է հաշվի առնել նաև այն տարանցման արժեքը, որը կպայմանավորվի Վրաստանի Հանրապետության հետ, առնվազն հայկական կողմին էլ պետք է մատակարարվի այդ գնով»:
Նախարարի պաշտոնակատարը շեշտեց՝ սակագնի մեծությունը միայն կորուստներով չի պայմանավորված: Գազամատակարարման համակարգի գները այսօր ձևավորվում են հիմնականում 2013-2014 թվականին հաստատված միջպետական համաձայնագրերով, որոնք վավերացվել են ԱԺ կողմից:
«Այս համաձայնագրերում որոշակի դրույթներ կան, որոնք ուղղակի սահմանափակել են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործառույթը։ Գազի սակագինը 189 դոլարից երբ նվազեցվել է 156 դոլար, ձևավորված լրացուցիչ գումարներն ամբողջությամբ պահպանվել են գազամատակարար ընկերությունում: Սպառողների մասով գինը չի իջել: Նույն համաձայնագրի մեջ գրված է, որ 165-ից 150 դոլարի իջեցման պարագայում սակագները կարող են նվազեցվել և հենց այդ չափով էլ 19 դոլարին, կամ 9,3 դրամին համարժեք դրամով նվազեցվել է 2016 թվականի օգոստոսի 1-ին: Այնուհետև ռուսական Գազպրոմի կողմից նախաձեռնություն է եղել և, ևս 15 դոլարի չափով նվազեցում է եղել 2017 թվականի հունվարի 1-ին։ Այնուհետև նույն համաձայնագրով կա մի դրույթ, որ 2018 թվականին սակագները պետք է պահպանվեն նախորդ տարվա մեծությանը հավասար։ Հիմա բանացություններ են ընթանում այս բոլոր դրույթներն այլևս չեղարկելու համար»,- նշեց Գարեգին Բաղրամյանը։
Նա միաժամանակ նշեց՝ ռուսական Գազպրոմն ակնկալում է, որ տեղի կունենան բանակցություններ վրացական կողմի հետ և կլինի տարանցման գնի նվազեցում. «Բանակցում ենք դեպի նվազեցման կողմը, և բանակցությանը չվնասելու համար ես ձեռնպահ եմ մնում թվեր նշելուց»։
Ամուլսարի ճակատագրով
Լրագրողները հետաքրքրվեցին նաև Ամուլսարի ճակատագրով, ինչին ի պատասխան՝ կառավարության ներկայացուցիչը նշեց, որ այս պահին միջազգային ճանաչված փորձագետների կողմից իրականացվում է բնապահպանական վերլուծություն և այդ նախագծին կարող ենք անդրադառնալ միայն այն դեպքում, երբ կապացուցվի, որ որևիցե ջրավազանային խնդիրներ չեն առաջանում:
«Ուսումնասիրությունները, կարծում եմ, երկու-երեք ամիս կտևեն»,- ասաց նա։