Փաշինյան. Մտադիր չենք անտեսել հանքարդյունաբերությունը
Տնտեսություն
16:31 21/11/2018
Հայաստան

Փաշինյան. Մտադիր չենք անտեսել հանքարդյունաբերությունը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպել է մեր երկրի տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող գործարարներին: Հանդիպումն անցկացվել է «Բիզնես միջավայր և ներդրումներ. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով: Իր ելույթում վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցող գործընթացներին և տնտեսական զարգացման հեռանկարներին: Հայտնում են Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ։

«Կարծում եմ, որ մեր երկրի ապագան կառուցելու գործում շատ ճիշտ դերաբաշխում պետք է արվի և, ընդհանրապես, բիզնեսը, տնտեսությունը չպետք է քաղաքականացվի և դա, կարծում եմ, բխում է բոլորի շահերից՝ և՛ հանրության, և՛ գործարար խավի, և՛ արդյունավետ կառավարման: Ուզում եմ ընդգծել, որ այն պրոցեսները, որոնց մասին ես առիթ ունեցա խոսել նախորդ ամիս՝ Հայաստանի Հանրապետության ԱԺ-ում, սկսել են իրենց դրսևորել»,-իր էլույթում մասնավորապես նշել է Փաշինյանը։

Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը նշել է՝ շատ էր քննարկվում, որ մեր երկրում տնտեսական ակտիվության ցուցանիշը սեպտեմբերին անկում է ապրել, և ըստ էության, կառավարության մեկնաբանությունը հետևյալն է. տեղի են ունենում բնականոն գործընթացներ, երկրի տնտեսությունը տրանսֆորմացիայի գործընթաց է ապրում և տեղի է ունենում տնտեսական կառուցվածքի փոփոխություն: 

«Հոկտեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշները գալիս են վկայելու, որ իրավիճակի նման մեկնաբանությունը հիմնավոր է, որովհետև սեպտեմբերի անկումից հետո մենք հոկտեմբերին 3 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ենք ունեցել: Այսինքն՝ ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ այն պայմաններում, երբ երկրի ավանդական ոլորտները երկնիշ անկում են արձանագրել, խոսքը գյուղատնտեսության և հանքարդյունաբերության մասին է: Մենք հոկտեմբերին ունենք արդյունաբերության 8,1 տոկոսանոց աճ, որը տեղի է ունեցել արտադրության, այլ ոչ թե հանքարդյունաբերության հաշվին: Սա մեզ համար բավականին լավատեսական և ուրախացնող ցուցանիշ է, միևնույն ժամանակ, ի տարբերություն սեպտեմբերի՝ հոկտեմբերին ունեցել ենք արտահանման 12 տոկոսանոց աճ, ինչը նշանակում է, որ մեր կանխատեսած և բարձրաձայնած առողջացման պրոցեսները մեր երկրում տեղի են ունենում»,-մասնավորապես նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով, այս ամենը չի նշանակում, թե կառավարությունը մտադիր է անտեսել հանքարդյունաբերությունը, կամ չի  կարևորում գյուղատնտեսությունը։

«Բայց մեր առաջ հստակ խնդիր է դրված, որ Հայաստանի Հանրապետությունում հանքարդյունաբերությունը պետք է տեղի ունենա միջազգային լավագույն բարձր չափանիշներին համապատասխան և կանխատեսելի լինի շրջակա միջավայրի և մեր երկրի ազգային ու տնտեսական շահերի պաշտպանության առումով: Եվ գյուղատնտեսության մեջ մենք մտադիր ենք լրջորեն աջակցել նոր տեխնոլոգիաների ներդրմանը, այնպիսի տեխնոլոգիաների, որոնք որևէ նեգատիվ ազդեցություն չեն ունենա մեր գյուղատնտեսական արտադրանքի էկոլոգիական առումով մաքրության և ընդունելիության վրա, բայց միևնույն ժամանակ մեր գյուղատնտեսությունն այդպիսի մեծ կախվածություն չի ունենա, օրինակ՝ եղանակային պայմաններից և գաղտնի կերպով Հայաստան սպրդած վնասատուներից»,-ասել է նա։
 

Placeholder
Փաշինյան. Մտադիր չենք անտեսել հանքարդյունաբերությունը