Կառավարման բրիտանական լավագույն փորձը ներկայացվել է հայ մասնագետներին
Տնտեսություն
12:12 27/11/2018
Հայաստան

Կառավարման բրիտանական լավագույն փորձը ներկայացվել է հայ մասնագետներին

Երևանում այսօր մեկնարկեց Կառավարման և առաջնորդության երկրորդ ամենամյա համաժողովը, որի նպատակն է Հայաստանում բարձրացնել ստեղծարար ոլորտներում առաջնորդության և կառավարման արժեքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, ինչպես նաև խթանելու համագործակցությունը:

Այսպիսով, Հայաստանի մի շարք ոլորտների ներկայացուցիչներ հնարավորություն ունեցան  ծանոթանալ կառավարման և առաջնորդության բրիտանական և միջազգային լավագույն փորձին։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը կարևորելով համաժողովի անցկացումը՝ նշեց, որ սա կրթությանը վերաբերող այն  նախաձեռնություններից է, որի նպատակը Հայաստանի կառավարման համակարգը, տնտեսությունն ավելի մրցունակ դարձնելն է:

«Այսօրվա միջոցառման կարևորագույն արժեքն այն է, որ ևս մեկ անգամ ընդգծվում է գիտելիքի կարևորությունը: Առանց գիտելիքի, առանց կառավարման բնագավառում աշխարհի լավագույն փորձին տիրապետելու, մենք չենք կարող քայլել դեպի այն նպատակները, որոնք դրել ենք մեր առջև»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ առ այսօր, կարծես թե, բավարար չեն կարևորել կոորպորատիվ կառավարման նշանակությունը Հայաստանի տնտեսության մասնավոր հատվածում, ինչի պատճառով, ըստ նրա, չեն կարողանում լիարժեք օգտագործել առկա հնարավորությունները և դրանք կիրառել տնտեսության մեջ: Ուստի, ըստ նախարարի պաշտոնակատարի, առաջիկայում պետք է մեծ ուշադրություն դարձնեն կոորպորատիվ կառավարման սկզբունքներին:

«Մեզ համար շատ կարևոր է ունենալ այնպիսի կառավարիչներ, որոնք տիրապետում են ժամանակակից կառավարման տեխնոլոգիաներին»,- ընդգծեց Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ այսօր Հայաստանում որակյալ կառավարիչների պակաս կա:

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն էլ նշեց, որ Հայաստանն ունի համապատասխան կարողություններ և  պետք է «արտահանի» իր կարողությունները:

«Ես հավատում եմ, որ ստեղծագործ միջավայրում այդ ունակությունները կարող են վերածվել շատ հաջողակ բիզնեսի: Մենք ուզում ենք մեր փորձը կիսել Հայաստանի հետ»,- նշեց Ջուդիթ Ֆարնուորթը՝ հավելելով, որ պետք է այնպիսի միջավայր ստեղծել, որը կնպաստի Հայաստանի տնտեսության բարգավաճմանը: 

Կառավարման և առաջնորդության երկրորդ ամենամյա համաժողովը, որը կազմակերպվել է  է «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիայի կողմից՝ Հայաստանում Բրիտանական դեսպանության և Բրիտանական խորհրդի աջակցությամբ, ներգրավել է շուրջ 200 մասնագետների, 15 հեղինակավոր միջազգային և տեղացի փորձագետների և դասընթացավարների այնպիսի ստեղծարար ոլորտներից, ինչպիսիք են գովազդն ու մարքեթինգը, ճարտարապետությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, դիզայնը, ֆիլմարտադրությունը և այլն։

 

Placeholder