Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կոչ եմ անում զերծ մնալ Արցախի հարցը որպես խաղաքարտ դարձնելու նկրտումներից. Գառնիկ Իսագուլյան
Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հիշեցրեց, որ քարոզարշավի մեկնարկից շատ առաջ ինքը քաղաքական ուժերին հորդորել էր զերծ մնալ Արցախի և բանակի թեման շահարկող վեճերից։ Սակայն ցավոք սրտի, կողմերը ոչ միայն զերծ չմնացին Արցախյան հարցի թեմայի արծարծումից, այլև այնպիսի տպավորորւթյուն է, որ սա քարոզարշավի քննարկման հիմնական հարցն է։
«Ես նորից կոչ եմ անում զերծ մնալ Արցախի հարցը որպես խաղաքարտ դարձնելու նկրտումներից։ Տեսաք՝ մի փոքրիկ հայտարարությունը (նկատի ունի ազատամարտիկ, Իմ քայլը դաշինքի պատգամավորության թեկնածու Սասուն Միքայելյանի հայտնի հայտարարությունը՝ խմբ.)՝ ինչ ալիք բարձրացրեց և Հայաստանում, Արցախում։ Այո, Սասուն Միքայելյանը վրիպել է, և երևում է, որ այդ հարցը նրանց քննարկման հարց է դարձել։
Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ արցախցի շատ բարձրաստիճան պաշտոնայների զավակներ չեն ծառայել բանակում, Իսագուլյանը շեշտեց՝ պատերազմի տարիներին Արցախում ծառայել են բոլորը՝ մեծից փոքր, նույնը՝ այժմ։
«Չի կարելի նման արտահայտություն անել Արցախի և Արցախի ղեկավարության հասցեին։ Արցախցի պաշտոնյաները երբևէ իրենց թույլ չեն տվել նման հայտարարություն անել։ Պարոն Փաշինյանը շատ էմոցիոնալ է, և ես խնդրում եմ զերծ մնալ Արցախի մասին հայտարարությունից։ Արցախը ոչ մի իշխանավոր չի կարող առնել կամ ծախել, Արցախի հարցը արդեն լուծված է։ Մոռացեք Մադրիդյան սկզբունքները, դրանք վաղուց չկան, կա Արցախն՝ իր ինստիտուտներով»,- ասաց բանախոսը։
Անդրադառնալով բուն քարոզարշավին՝ Գառնիկ Իսագուլյանը շեշտեց՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից ոչ մի կուսակցություն այդպես էլ չկարողացավ ներկայացնել ծրագիր, որը համապարփակ կթվարկի երկրի առջև ծառացած բոլոր խնդիրները։
«Բոլորը ներքաշվել են մի վեճի մեջ, որը ոչ մի տեղ չի բերելու»,- համոզմունք հայտնեց Իսագուլյանը։
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության ընթացքին՝ Գառնիկ Իսագուլյանը հույս հայտնեց, որ հստակ արդարադատություն կիրականացվի, որևէ մեկն իր վրա մեղք չի վերցնի, պատվերներ չեն լինի։
«Ես վստահ եմ, որ այս հարցը պետք է լուծվի արդարության շրջանակներում, և որևէ մեկը սա չի փորձի օգտագործել որպես քարոզչություն կամ վարկանիշ բարձրացնելու հնարավորություն»,- ասաց բանախոսը։