Հայտարարագիրս ԿԸՀ ներկայացրել եմ նոյեմբերի 24-ին, եթե իրենց համակարգչի վրա չի բացվել, իմ մեղքը չէ. Փաշինյան
Քաղաքական
10:40 04/12/2018
Հայաստան

Հայտարարագիրս ԿԸՀ ներկայացրել եմ նոյեմբերի 24-ին, եթե իրենց համակարգչի վրա չի բացվել, իմ մեղքը չէ. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է  Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրած իր հայտարարագիրը՝ պարզաբանելով  մամուլի հրապարակումները, թե իբր ինքը ԿԸՀ հայտարարագիր չի ներկայացրել:

«Երեկ մամուլում հրապարակումներ տեսա, թե իբր ես ԿԸՀ հայտարարագիր չեմ ներկայացրել։ Իհարկե, նման պնդումը իրականության հետ որևէ կապ չունի։

Օրենքով սահմանված կարգով՝ թղթային կրիչի վրա հայտարարագիրը ներկայացվել է սահմանված ժամկետում։ Իսկ եթե լրատվամիջոցի ստացած թվային տեղեկատվությունը իրենց համակարգչի վրա չի բացվել, դա կներեք, իմ մեղքը չէ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը և ներկայացրել հայտարարագիրը, որ, ըստ նրա, ԿԸՀ է ներկայացվել դեռևս նոյեմբերի 24-ին՝ օրենքով սահմանված ժամկետում:



ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանն էլ գրել է, որ հայտարարագրերի հետ կապված տեխնիկական թյուրիմացություն է ստացվել:

«Տեղեկացնում ենք, որ թե «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, թե «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակի թեկնածու Սուրեն Սահակյանը, թե «Քրիստոնեա-ժաղովրդական վերածնունդ» կուսակցության ընտրական ցուցակի թեկնածու Լևոն Շիրինյանը, և թե «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակի թեկնածու Լուսինե Հարոյանը սահմանված ժամկետներում ներկայացրել են հայտարարագրերը:
Հետագա ցանկացած թյուրիմացությունից խուսափելու նպատակով չնայած օրենսդրական պահանջի բացակայությանը, կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների ներկայացրած հայտարարագրերը զետեղվել են ԿԸՀ կայքում»,- գրել է Հերմինե Հարությունյանը:  

Placeholder
Հայտարարագիրս ԿԸՀ ներկայացրել եմ նոյեմբերի 24-ին, եթե իրենց համակարգչի վրա չի բացվել, իմ մեղքը չէ. Փաշինյան