Նախընտրական քարոզարշավը խիստ տիպիկ էր երկրում առկա հետհեղափոխական իրավիճակին. քաղաքագետ
Քաղաքական
14:00 07/12/2018
Հայաստան

Նախընտրական քարոզարշավը խիստ տիպիկ էր երկրում առկա հետհեղափոխական իրավիճակին. քաղաքագետ

Նախընտրական քարոզարշավը մոտենում է ավարտին։ Վաղը՝ դեկտեմբերի 8-ին, Հայաստանում լռության օր է, և Ընտրական օրենասգրքի 5-րդ գլխի 18-րդ հոդվածի 1-ին  կետի համաձայն՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից ուժերն ընտրություններին նախորդ օրն իրավունք չունեն քարոզչություն  իրականացնել։

Թե ինչպիսի քարզարշավ ստացվեց, և որ ուժերը կարողացան այս կարճ ժամանակահատվածը լավագույնս ծառայեցնել իրենց նպատակներին, թեմայի շուրջ Panorama.am-ի թղթակիցը խոսեց քաղաքագետ Վիգեն Հակոբյանի հետ։

Վերջինս նշեց, որ նախընտրական քարոզարշավը խիստ տիպիկ էր երկրում առկա հետհեղափոխական իրավիճակին և համահունչ տրամաբանական ընթացքով էր գնում։

«Երբ ընտրական կամպանիան բավականին կարճ է լինում, և բոլորն ընդունում են, որ հաղթողի հարց ընդհանրապես դրված չէ, քարոզարշավը հենց այսպիսի ընթացք է ունենում։ Այն քաղաքական ուժը, որն իրականացրել է հեղափոխությունը, բնական է, որ ինքն էլ պետք է առաջատար դիրքում լինի և իր իշխանությունը կապիտալիզացնի նաև դե յուրե»,- ասաց քաղաքագետը։

Հարցին՝ «Իմ քայլը» դաշինքից հետո ո՞րն է հաջոդ՝ այս պահի դրությամբ ամենաշահեկան վիճակում գտնվող ուժը, Վիգեն Ստեփանյանը պատասխանեց՝ քարոզարշավի ընթացքում նորահայտ ուժերից հատկապես լավ աշխատեցին «Մենք» դաշինքը և «Քո որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։ Նրանք, քաղաքագետի խոսքով, փորձեցին հնարավորինս կրեատիվ և ակտիվ գործել՝ էֆեկտիվ լինելու համար։

«Կարծում եմ՝ այս իրավիճակից մաքսիմում օգուտ «քամեց» Հանրապետական կուսակցությունը։ Դրան, իհարկե, նպաստեց նաև այն, որ իշխանությունը որդեգրեց սև-սպիտակի մարտավարությունը։ Սա նպաստում էր ՀՀԿ-ին, որովհետև մինչև ընտրաշավի սկիզբն էլ այդ ուժն իրեն դիրքավորել էր որպես սև։ ՀՀԿ-ն հասկանում է, որ ունի բավականին փոքր ընտրազանգված, բայց այն կայուն է։ Այդ ուժի գլխավոր խնդիրը քարոզարշավի ընթացքում դժգոհ զանգվածին կոնսոլիդացնելը և հասկացնելն էր, որ ինքը միակ ընդդիմությունն է։ Իշխանություն իր հերթին հիմնականում թիրախավորում է ՀՀԿ-ին, և փաստն այն է, որ Հանրապետականը, բակային հանդիպումներ գրեթե չանցկացնելով, մշտապես ուշադրության կենտրոնում է մնում։ Եթե ՀՀԿ-ն կարողանա ընտրատեղամաս բերել կոնսոլիդացված զանգվածին, հնարավորություններ կունենա»,- նշեց Վիգեն Հակոբյանը։

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա այդ կուսակցությունը խորհրդարանում լինելու ռեալ հնարավորություններ ունի։ Իսկ հնարավորությունը կայանում է նրանում, որ այդ կուսակցությունը ջանասիրաբար աշխատում է իր կայուն ընտրազանգվածի հետ։
Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան»-ին՝ քաղաքագետը նշեց, որ այս ուժը 5 տոկոսանոց շեմը հաղթահարելու լուրջ խնդիր ունի։

«Երրորդ տեղի համար լավ հնարավորություններ ունի «Մենք» դաշինքը, քանի որ նա հանդես է գալիս ընդգծված արևմտամետ զանգվածի համար։ Նա հենց այդ դիրքերից հանդես եկավ՝ սկսած դաշինքի լոգոյից։ Ի զարմանս ինձ՝ արևմտամետ նիշայից հրաժարվեց «Լուսավոր Հայաստանը», թեև սպասում էի, որ նա ևս այդ հարթակում է լինելու։ ԼՀԿ-ն փորձեց ավելի լայն ընտրազանգվածի վրա ազդեցություն ունենալ։ Այս մարտավարության պատճառով նա կարող է մեծ ընտրազանգված կորցնել»,- ասաց Վիգեն Հակոբյանը։

Placeholder