Դեկտեմբերի 7-ը կնշվի որպես երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օր
Օրվա թեմա
11:50 07/12/2018
Հայաստան

Դեկտեմբերի 7-ը կնշվի որպես երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օր

Այսօր Գյումրիում ընթացող կառավարության արտագնա նիստում հաստատվեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: 

Կառավարության կողմից մշակված նախաձեռնության արդյունքում նախատեսվում է՝ դեկտեմբերի 7-ը նշվել, որպես երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օր:

Դեկտեմբերի 7-ը կարող է նշվել, որպես երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օր: 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի խոսքով՝ հաշվի առնելով, որ ներկայումս դեկտեմբերի 7-ը համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի՝ նվիրված է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին, ինչպես նաև ՀՀ վարչապետի ««Աղետներին դիմակայունության օր» միջոցառումների անցկացման ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագծով նախատեսվող իրականացվելիք միջոցառումների ընդհանուր ուղղվածությունը՝ անհրաժեշտություն է առաջացել դեկտեմբերի 7-ը նշել նաև որպես աղետներին դիմակայունության օր:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց՝ արդյոք ճիշտ է հասկանում, որ այս որոշմամբ  արձանագրում են՝ Հայաստանում շարունակաբար աղետների դիմակայության պաշտպանության մակարդակը պետք է բարձրացվի և գերատեսչական ծրագրերի շրջանակներում դառնա հանրային գիտակցություն:

«Ըստ էության, նաև պետք է այդ ուղղությամբ աշխատանքների ռազմավարություն մշակել»,-ընդգծեց նա:

ԱԻ նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ամբողջությամբ ճիշտ է, սա նաև միջազգայնացնելու նպատակ է հետապնդում:

«Այն երկրները, որոնք մասնակցել են աղետի ժամանակ փրկարարական աշխատանքներում, պատրաստակամություն են հայտնել, որ այս օրը որպես հիշատակի և աղետների կանխման օր նշվի նաև իրենց երկրներում: Արդեն կան օրինակներ Նահանգների մակարդակով»,-ասաց նա:

Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ ավերիչ երկրաշարժի հետևանքով  զոհվել է 25 հազարից ավելի մարդ, 15 հազարից ավելին դարձել է հաշմանդամ, 500 հազարից ավելին՝ անօթևան: Րոպենների ընթացում մեծածավալ ավերածություններ են արձանագրվել Սպիտակում, Լենինականում, Կիրովականում և այլ քաղաքներում:

Այդ ողբերգությանն արձագանքել է ողջ աշխարհը. Հայաստանին համակողմանի օգնություն են ցույց տվել աշխարհի ավելի քան 113 երկիր և 7 միջազգային  կազմակերպություն։

Placeholder
Դեկտեմբերի 7-ը կնշվի որպես երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օր