ՀՀ ոստիկանության թեժ գծին ստացվել է 77 զանգ. Բիչախչյան
Իրավունք
11:50 09/12/2018
Հայաստան

ՀՀ ոստիկանության թեժ գծին ստացվել է 77 զանգ. Բիչախչյան

«ՀՀ ոստիկանության թեժ գծին ստացվել է 77 զանգ, որից 71-ը եղել են տեղեկավական բնույթի, երկուսով հայտնել են մահացած անձանց տվյալներ, որոնք հանվել են ցուցակներից, իսկ չորս զանգով եղել է տեխնիկական բնույթի խնդիր»,- այս մասին այսօր ԿՀԸ-ում լրագրողների հայտնեց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը 

Նա հիշեցրեց, որ Ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածով ԱԺ պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրքանչյուր ոք:

«Վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու մասին ստացվել է 2230 դիմում: Հաշվի առնելով, որ տարածքային անձնագրային ծառայությունները հագեցած չեն Հանրապետություն մուտք գործելու և դուրս գալու հագամանքը ստուգելու ծրագրային համակարգով, տարածքային ծառայություններում ստացած նման բոլոր դիմումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն: Արդյունքում 57 քաղաքացիների դիմումներ մերժվել են օրենքով սահմանված տվյալներին չբավարարելու հիմքով: Դրանցից մեկը բողոքարկվել է դատական կարգով: Դատարանի կողմից հայցը չի բավարարվել` տեղեկանք տրամադրելու մասով»,- մանրամասնեց Բիչախչյանը: 

Նա նաև հավելեց, որ ընտրողների ռեգիստրում ընդգրկվում են բնակչության պետական ռեգիստրում ընդգրկված ՀՀ որևէ համայնքում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները, իսկ ՀՀ-ում հաշվառում չունեցող քաղաքացիները համապետական ընտրություններին կարող են մասնակցել լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու եղանակով, ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք՝  չեն կարող մասնակցել քվեարկության։

Placeholder