Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանավորված
Իրավունք
15:10 12/12/2018
Հայաստան

Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանավորված

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ հրապարակեց գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը:

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն միջնորդել էր ևս երկու ամսով երկարացնել Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը, իսկ նրա պաշտպանները միջնորդել էին  Գրիգորյանին 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատել կալանքից։

«Դատարանը որոշում է կայացրել քննիչի միջնորդությունը բավարարել, պաշտպանական կողմի միջնորդությունը մերժել։ Այսպիսով նրա կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով»,- որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մ. Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։

Նա նշեց, որ որոշումը դեռ չի ստացել և այլ մանրամասներ չի կարող ներկայացնել:

«Հիմնական պատճառերի մասին  նախապես ասել եմ՝ հենց նոր դուրս եկա մի դռներից, որտեղ որ դատավոր Մարինե Մելքոնյանը դարձրել է ՀՔԾ-ի մասնաճյուղ, շատ հաջող իր մոտ ստացվում է»,- ասաց փաստաբանը։

Նախօրեին  Մանվել Գրիգորյանը նիստին ներկա էր, այսօր ոչ։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ այսօր ներկա չէր նիստին,  Ա. Մկրտչյանը պատասխանեց. «Երեկ նիստին վատացել էր, շաքարային ցուցանիշը 21,6 էր, իսկ երեկ ժամը 11։00-ի դրությամբ 22,6 էր։ Բնականաբար,  ծանր առողջական վիճակով նպատակահարմար չգտանք, որ այսօր մասնակցի, դիմում էր ներկայացրել»։

Մանվել Գրիգորյանը կալանավորված է հունիսի 19-ից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Placeholder
Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանավորված