Փոխքաղաքապետ. Այգու կենդանիների հաճախակի դարձած անկումներն անհանգստության առիթ են տալիս
Հասարակություն
10:37 14/12/2018
Հայաստան

Փոխքաղաքապետ. Այգու կենդանիների հաճախակի դարձած անկումներն անհանգստության առիթ են տալիս

Կենդանաբանական այգի այցելած փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հետաքրքրվել է բեզոարյան այծի անկման պատճառներից։ Նրան հայտնել են՝ կենդանին նախ փախուստի էր դիմել, ապա հայտնաբերվել աշխատակիցների կողմից և տեղափոխվել ազատավանդակ, սակայն որոշ ժամանակ անց կենդանու մոտ սրտի կանգ է արձանագրվել:

«Կենդանու փախչելու համար պետք է կոնկրետ պատճառ լիներ: Ի դեպ, սա երկրորդ փորձն էր: Նշեմ, որ կենդանին 2013 թվականին ծնվել էր հենց այգու տարածքում»,-  նշել է այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, անասնաբույժը նշել է,  որ կենդանու փախուստը կարող է կապված լինել հիվանդության, կենդանիների միջև ընդհարման կամ երրորդ անձանց միջամտության ու միտումնավոր վախեցնելու հետ:

Դեպքի իրական պատճառները հայտնի կդառնան հանգամանալից ուսումնասիրություններից հետո միայն: Մինչ այդ պատասխանատուներին հանձնարարվել է ուշադրությունն ու հետևողականությունը կրկնապատկել:

«Կենդանիների հաճախակի դարձած անկումներն անհանգստության առիթ են տալիս: Մեր խնդիրն է ոչ թե ստուգել, գտնել ու պատժել, այլ կարողանանք օր առաջ կենդանաբանական այգին վերադարձնել իր բնականոն գործունեության» ,- նկատել է փոխքաղաքապետը:

Փոխքաղաքապետը հանդիպել է նաև Կենդանաբանական այգում ուսումնասիրություններ կատարող հանձնաժողովի անդամներին: Համակողմանի ուսումնասիրությունների արդյունքներն ամբողջությամբ ներկայացվելու են հանրությանը:

«Կխնդրեմ խոշորացույցի տակ պահել հիմնական այն խնդիրները, որոնք բարձրացվել են հասարակական հատվածի կողմից և կապված են ֆինանսական շարժի հետ: Առավել քան վստահ եմ, որ ուսումնասիրությունները լույս կսփռեն այս պատմության վրա: Դրանք պետք է լինեն այնքան հավաստի, որ հետագայում այգու գործունեության հետ կապված որևէ կասկած չլինի: Սա ընդունեք որպես խիստ հանձնարարական», - հատկանշել է քաղաքապետի տեղակալը՝ փոխադարձ համաձայնություն ստանալով նաև տնօրեն Ռուբեն Խաչատրյանից: 

Տիգրան Վիրաբյանը հանդիպել է նաև այգու այն աշխատակիցների հետ, որոնք տնօրենի աշխատանքին առնչվող բողոքներ ունեն և պահանջում են վերջինիս հրաժարականը:

«Պետք է թուլացնել այս լարվածությունը, քանի որ  աշխատանքային նման անառողջ մթնոլորտը ուղղակի ազդում է կենդանաբանական այգու բնականոն գործունեության վրա: Այստեղ չկան հովանավորյալներ, իսկ  ցանկացած անօրինակություն պատժվելու է ամենախիստ ձևով»,- նշել է քաղաքապետի տեղակալը:

Placeholder
Փոխքաղաքապետ. Այգու կենդանիների հաճախակի դարձած անկումներն անհանգստության առիթ են տալիս