Հայաստանից  ֆինանսական հոսքերի էական փոփոխություն չկա. Արթուր Ստեփանյան
Տնտեսություն
17:06 18/12/2018
Հայաստան

Հայաստանից ֆինանսական հոսքերի էական փոփոխություն չկա. Արթուր Ստեփանյան

«Մեր  բոլոր վերլուծություններն ու թվային տվյալները խոսում են մի բանի մասին, որ այս և նախորդ տարիներին Հայաստանից ֆինանսական հոսքերի շարժի էական փոփոխություն չկա»,- այս  մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանն՝  անդրադառնալով  հարցին, թե արդյոք ճիշտ են Հայաստանից գումարների արտահոսքի վերաբերյալ լուրերը:

Նա նշեց, որ ինքը ևս կարդացել է արտահոսքի մասին: «Այստեղ պետք է ուշադրություն դարձնենք երկու հանգամանքի վրա. այս տարի ներմուծման ծավալներն ավելացել են, և ֆիզիկական անձինք ևս ներմուծում են իրականացնում, ինտերնետային առևտուր կատարում ավելի մեծ ծավալով: Դրանք ներառվում են այս տվյալների մեջ:  Իսկ երբ խոսում ենք տրանսվերտներ կոչվածի մասին, ընդհանուր առմամբ, մեր տնտեսության համար փոխանցումների դերն ու նշանակությունը վերջին տարիներին կտրուկ նվազել է: Եթե մի քանի տարի առաջ դրամական փոխանցումները  ՀՆԱ-ի  մեջ կազմում էին 25-26 տոկոս, ապա հիմա մոտ 10 տոկոսի չափով են»,- նշեց Արթուր Ստեփանյանը:

Այսպիսով, ըստ ԿԲ ներկայացուցչի, փոխանցումների գործոնը Հայաստանի տնտեսության ֆինանսավորման և զարգացման առումով այս տարիներին կտրուկ նվազել է:

Արթուր Ստեփանյանի խոսքով՝ եթե դիտարկեն  միջին փոխանցման մեծությունը, ապա  այս տարի Հայաստանից  2800 դոլարի կարգի միջին փոխանցում է եղել արտերկիր, որը մեծ մասամբ ուղղված է եղել առևտրին: «Հայաստան փոխանցումն  էլ կազմել է  500  դոլար: Դա նշանակում է, որ մեր արտագնա աշխատողներն իրենց եկամուտն են փոխանցում Հայաստան: Նայելով այս  ցուցանիշներին, մենք որևէ արտահոսքի միտում չենք նկատում»,- ընդգծեց նա: 

Նա միաժամանակ նշեց՝  դա չի նշանակում, որ տրանսվերտները նվազել են: Ավելին, ըստ նրա, տրանսվերտներն իրենց անվանական մեծությամբ շարունակում են աճել. այս տարի կանխատեսվում է 10 տոկոսի աճ. «Վերը նշվածը  ՀՆԱ-ում  տրանվերտների տեսակարար կշռի մասին է»:

Անդրադառնալով հարկման մեխանիզմի  ներդրման գաղափարին, ըստ որի՝ իբր նախատեսվում է տրանսվերտների հարկում, Արթուր Ստեփանյանն ասաց, որը ՊԵԿ-ը մի քանի անգամ պարզաբանել է՝  խոսք անգամ չկա տրանսվերտների հարկման մասին: «Կարծում եմ՝ դեռ մի քանի անգամ էլ պետք է ասի, որ այս հարցը փակված համարենք: Տրանսվերտները միջինում  500 դոլար են լինում, ինչպե՞ս դա պետք է հարկվի: Անձամբ ինձ համար փակ է այս թեման, քանի որ խոսքը հայտարարագրման ինստիտուտի ներդրման մասին է»,- նշեց ԿԲ խորհրդի անդամը:

Placeholder
Հայաստանից ֆինանսական հոսքերի էական փոփոխություն չկա. Արթուր Ստեփանյան