Մշակույթը նույնքան կարևոր է, ինչքան այսօր բանակը մեզ համար. Չարխչյան
Մշակույթ
15:09 20/12/2018
Հայաստան

Մշակույթը նույնքան կարևոր է, ինչքան այսօր բանակը մեզ համար. Չարխչյան

«Մշակույթը չի կարող  հեղափոխությունից ակնկալիքներ ունենալ, հեղափոխությունը պետք է ակնկալիքներ ունենա մշակույթից»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրականագետ Հովիկ Չարխչյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ ակնկալքիներ ունեք հեղափոխությունից՝ մշակույթի ոլորտում։

Նա նշեց, որ ցանկանում է լավատես լինել, բայց դրա համար որևէ հիմք չունի.ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական  ուժից որևէ մեկի ծրագրում լուրջ մոտեցում չկար մշակույթի հարցում։

«Ինչո՞ւ պետք է լավատես լինեմ, ի՞նչ հիմքի վրա պետք է լավատես լինեմ, մեծ ակնկալիքներ ունենալ նրանցից,  եթե նրանք իրենք մշակույթի նկատմամբ այդ կարգի վերաբերմունք են դրսևորում»,- ասաց Հ. Չարխչյանը։

Նա ընդգծեց, որ  մշակույթի նախարարության կամ վարչությանը գործառույթը պետք է մեկը լինի՝ ստեղծել բարենպաստ միջավայր  մշակույթի զարգացման համար։

«Ուրիշ ոչ մի բան պետք չէր անել՝ ոչ  միջամտել, ոչ կադրեր փոխել, ոչ միջոցառումներ անել։ Պետք չէ այդ ամենը։ Պետք է ստեղծել բարենպաստ  միջավայր և այդ միջավայրում մշակույթն  ինքն իրեն կզարգանա այնպես, ինչպես չեք էլ կարող պատկերացնել։ Առայժմ գոնե վերջին տասնամյակների  ընթացքում նման միջավայր երբեք չի եղել։  Եթե այս երկրում այսինչ-այսինչյանի տիկինը պետք է ոտքը ոտքին գցած  նստի ու  որոշի, թե որն է մշակութային արժեք,  որը ոչ, մշակույթի որ գործիչն է ավելի կարևոր, պարգևների արժանի,  այդ  երկրում ոչ մի  լավ բան երբևէ չի կարող տեղի ունեալ։ Այս հոռի բարքերը պետք է վերացնենք։ Մշակույթն ինքն է որոշում  երկրի դիմագիծը, երկրի շարժման ուղղությունը։ Մշակույթը նույնքան կարևոր է, ինչքան այսօր բանակը մեզ համար, որովհետև եթե այն անվտանգությունն է ապահովում, մենք էլ հոգևոր անվտանգությունը չէ պետք է ապահովենք։ Նույն աստիճանի վրա պետք է դնենք այդ ամեն ինչը։ Երբ կգա դրա  գիտակցումը, մենք կունենաք հրաշալի արդյունք»,- ասաց Հ. Չարխչյանը։

 

Placeholder
Մշակույթը նույնքան կարևոր է, ինչքան այսօր բանակը մեզ համար. Չարխչյան