Սփյուռքի նախարարության աշխատակիցները՝ արտագաղթի մտքերով
Հասարակություն
11:37 21/12/2018
Հայաստան

Սփյուռքի նախարարության աշխատակիցները՝ արտագաղթի մտքերով

Այսօր ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունների աշխատակիցները գործադուլ են հայտարարել և բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի դիմաց:

Մշակույթի նախարարության աշխատակիցների խոսքով՝  հունվարի 1-ից  նախարարության մի  մասը կկցվի կրթության և գիտության նախարարությանը, մյուս մասը՝ քաղաքաշինության կոմիտեին: Մինչդեռ Սփյուռքի նախարարությանը դեպքում պատկերն այլ է. դրված է նախարարության լուծարման հարցը:

Սփյուռքի նախարարության աշխատակիցներից մեկը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք միացել են Մշակույթի նախարարության բողոքին՝  առանձնահատուկ խնդրով պայմանավորված:

«Մեր պարագայում խնդիրն այն է, որ առհասարակ նախարարության լուծարման հարցն է դրված, այլ ոչ թե ձևաչափի փոփոխության, որևէ այլ նախարարության կցվելու»,- նշեց նա:

Ըստ նրա՝ անկախ ամեն ինչից, Սփյուռքի հետ տարվող աշխատանքներն համակարգող պետական  մարմին պետք է լինի և այն հսկայական աշխատանքը, որ նախարարությունը կատարել է անցած 10 տարիների ընթացքում, «չի կարելի գրչի մի հարվածով զրոյացնել»:

Հաջորդ խնդիրը վերաբերում է նախարարության աշխատակիցների վաղվա անորոշությանը. «Այս փոփոխությունից հետո մեզ որևէ այլընտրանք, որևէ նոր աշխատանք չի առաջարկվում: Բացի այդ, օրենքի պահանջը  չեն պահպանել, մասնավորապես, մեզ չեն տեղակացրել, որ հունվարից այլևս չենք աշխատելու: Դա արդեն օրենքի խախտում է,  և հերթական հիասթափությունն ես ապրում, որ աշխատանք տանելով հայրենադարձություն ապահովելու համար, այսօր մենք ստիպված ենք լինելու արտագաղթի ճանապարհ բռնել»:

Սփյուռքի նախարարության մեկ այլ աշխատակից էլ վրդովված նշեց, որ այսօր կայացած կառույցները փորձում են միանգամից կամային որոշումներով փակել: «Մարդիկ հսկայական աշխատանք են կատարել, մեծ քանակությամբ արխիվներ են ստեղծվել, հաստատվել են Սփյուռքի հետ կապեր, որոնք գործուն կապեր են, և ճիշտ չէ միանգամից ամեն ինչ ոչնչացնել: Կարելի էր այլ հայեցակարգ մշակել, փակելը միշտ կա, պետք է կարողանալ աշխատեցնել»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը հայտարարել էր, որ հեղափոխությունից հետո հայրենադարձվել է ավելի քան 450 ընտանիք, որոնց հետ նախարարությունը ամենօրյա կապի մեջ է:

Չի բացառվում, որ նրա ղեկավարած կառույցի լուծարումից հետո նախարարության աշխատակիցները լքեն երկիրը, և  տարիներ անց մտածենք նրանց հայրենադարձության մասին:

Placeholder
Սփյուռքի նախարարության աշխատակիցները՝ արտագաղթի մտքերով