ԱՄՆ դեսպանատունը ձեռք է բերել հեռախոսների ներթափանցման սարքավորումներ
Քաղաքական
14:46 25/12/2018
Հայաստան

ԱՄՆ դեսպանատունը ձեռք է բերել հեռախոսների ներթափանցման սարքավորումներ

«Վիկիլիքս»-ը հրապարակել է տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանատների գնումների փաստաթղթերը։

Ուշագրավ է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից 2016-ի ապրիլին հեռախոսների, սմարթֆոնների մեջ  ներթափանցման սարքավորումներ ձեռք բերելու տեղեկատվությունը։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը,  անդրադառնալով հրապարակված փաստին, մանրամասնել է.

«Սա գաղտնալսման հարց չէ։ ՆԱՏՕ-ի էլեկտրոնային հետախուզությունը առանց այն էլ նստած է Մասիսի փեշերին և սիրուն բռնում է բոլոր սիգնալները։ Սա ֆիզիկապես հասանելի հեռախոսի մեջ մտնելու համար է. երբ այն պաշտպանված է գաղտնաբառով կամ այլ նման ձև։

Ի՞նչ է սա նշանակում։ Տեսականորեն, օրինակ, որ թողնում ես հեռախոսդ մուտքի մոտ, ինչ-որ մեկը կարող է բացել և մեջից ֆայլերը հանել։ Ու սա միայն ԱՄՆ դեսպանատան հարց չէ»։

Նա խորհուրդ է տալիս հեռախոսով չտանել այնպիսի հաստատություններ, կառույցներ, որտեղ մուտք գործելուց առաջ հեռախոսները վերցնում են։

«Քանի որ ամեն տեղ էլ նման ներթափանցում այսօր հնարավոր է, նման սարքեր այսօր շուկայում կան և հասանելի են պետական հաստատություններին։ Ստուգել դժվար կարողանաք։ Եթե կասկած ունեք, hard reset»,-նշում է Մարտիրոսյանը։

Նկատենք, որ ԱՄՆ դեսպանատուն մուտք գործելուց առաջ նաև լրագրողներից են վերցնում հեռախոսները, կրիչները, նաև համակարգիչները։

Panorama.am-ն այս հարցի շուրջ կփորձի ստանալ դեսպանատան մեկնաբանությունը։

Placeholder
ԱՄՆ դեսպանատունը ձեռք է բերել հեռախոսների ներթափանցման սարքավորումներ