2018 թվականի առաջին կիսամյակում իրականացվել է մոտ 94.1 մլրդ դրամի պետական գնում
Տնտեսություն
13:48 28/12/2018
Հայաստան

2018 թվականի առաջին կիսամյակում իրականացվել է մոտ 94.1 մլրդ դրամի պետական գնում

2018 թվականի առաջին կիսամյակում մոտ 94.1 մլրդ դրամի պետական գնում է իրականացվել, իսկ 2017 թ-ի առաջին կիսամյակում՝ 70,8 մլրդ դրամի: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում ասաց «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը՝ ներկայացնելով 2017-2018 թթ-ի առաջին կիսամյակում պետական գնումների համակարգի հիմնական միտումները:

Նրա խոսքով՝  պետական գնումների ոլորտում տարվա  ընթացքում կազմակերպվում է մոտ 74  հազար գնումների ընթացակարգ, որից 9800-ը չի կայանում տարբեր հիմնավորումներով: Այսպիսով, 2018 թ-ի առաջին կիսամյակում կազմակերպված ընթացակարգերի շուրջ 13%-ը  չի կայացել:

«Համեմատության համար նշենք, որ 2017 թ. առաջին կիսամյակում չի կայացել կազմակերպված ընթացակարգերի 1.6%-ը: Դրանք տարբեր հիմնավորումներով չեն կայացել, մասնավորապես, մասնակցության բացակայություն, ինչը նշանակում է, որ հետաքրքրությունը գնումների համակարգի նկատմամբ մեծ չէ»,- նշեց Արտակ Մանուկյանը: 

Նա նաև ասաց, որ «Գնումների մասին օրենքով» գնումների կատարման համար նախընտրելի ձևը մրցույթն է, որին սակայն բաժին է ընկնում 4 տոկոսը. «Այսինքն՝ սա խոսում է այն մասին, որ իսկապես համակարգը գրավիչ  չէ, եթե գնումները չեն իրականացվում բաց ընթացակարգերի հիման վրա: Իսկ եթե չկա ավելի թափանցիկ գնման հավանականություն, այդպես կոռուպցիոն ռիսկի հավանականությունը մեծանում է»:

Վարչապետի խորհրդականն ասաց նաև, որ ուսումնասիրելով գնման գործընթացը՝ եկել են այն եզրահանգման, որ ոչ մրցակցային գնումների մասնաբաժինը շարունակում է մնալ բարձր:

Արտակ Մանուկյանը հայտնեց, որ օրենսդրական փոփոխություններ են եղել մի շարք ոլորտներում՝ մասնավորապես փոխվել են գնումների ոլորտում ՓՄՁ-ների և փոքր ստարտափների գործունեությունը կարգավորող օրենքներից որոշները: Ըստ նրա՝ շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, ըստ որի, առաջակվում է մինչև 10 մլն դրամի գնումների պարագայում որևէ փաստաթուղթ չպահանջել:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է  Հայաստանում և ԵԱՏՄ տարածքում գնումներին մասնակցելու ընթացակարգին՝  առաջարկելով  «սև ցուցակում»  ընդգրկված մարդկանց թույլ չտալ մասնակցել գնումների:

Placeholder
2018 թվականի առաջին կիսամյակում իրականացվել է մոտ 94.1 մլրդ դրամի պետական գնում