Նախկին զինծառայողները դժգոհ են կառավարության որոշումից. փաստաբան
Հասարակություն
10:32 29/12/2018
Հայաստան

Նախկին զինծառայողները դժգոհ են կառավարության որոշումից. փաստաբան

«Նախկին մի քանի զինծառայողների կողմից ստացել ենք ահազանգ, որ կայացված որոշումը չի լուծելու իրենց խնդիրը, ավելին, այդ գումարով իրենք չեն կարողանալու գնել բնակարաններ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով կառավարության դեկտեմբերի 27-ի նիստում կայացված որոշմանը, որի համաձայն զորացրված 1141 զինծառայողի բնակարանային խնդիրը լուծելու համար յուրաքանչյուրին կտրվի 5 մլն դրամ։

Փաստաբանը, մասնավորապես, գրել է. «ՀՀ Կառավարության կողմից ընդունված թիվ 1535-Ն որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացվել է 5 միլիարդ 705 միլիոն ՀՀ դրամ՝ զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող, սահմանված կարգով 2018թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված, սակայն զինվորական ծառայության ընթացքում սեփականության իրավունքով անհատույց բնակարան չստացած և առողջության կամ տարիքի կամ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի կողմից հայտնվել է, որ 2018 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ սահմանված կարգով` բնակարանային պայմանների կարիքավոր ճանաչված և ՀՀ պաշտպանության նախարարություն ներկայացված ցուցակների հիման վրա բնակհաշվառման հերթացուցակներում ընդգրկված են թվով 1141 նախկին զինծառայողների ընտանիքներ, որոնցից 326-ը՝ Երևան քաղաքում:

Ստացվում է, որ յուրաքանչյուր նախկին զինծառայողի հատկացվելու է 5 միլիոն դրամ՝ իր բնակարանային խնդիրը լուծելու համար:

Նախկին մի քանի զինծառայողների կողմից ստացել ենք ահազանգ, որ կայացված որոշումը չի լուծելու իրենց խնդիրը, ավելին, այդ գումարով իրենք չեն կարողանալու գնել բնակարաններ:
Ակնհայտ է, որ այս քայլով կառավարությունը փորձել է մեղմել նշված սոցիալական խմբի առջև ծառացած խնդիրները, սակայն դատելով արձագանքներից, այն չի լուծելու խնդիրը:

Ակնհայտ է, որ 5 միլիոն դրամով որևէ մեկն այսօր չի կարող բնակարան գնել ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, սակայն սույն օրենքի 65-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ սեփականության իրավունքով անհատույց բնակարան չստացած զինծառայողների համար պահպանվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին սեփականության իրավունքով անհատույց բնակարան ստանալու իրավունքը: Սույն մասում նշված զինծառայողները կարող են սույն օրենքի 65-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվանից հետո հրաժարվել սույն մասով սահմանված իրավունքից և օգտվել սույն օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նպատակային ծրագրերից:

Վերը նշվածից հետևում է, որ պետությունը օրենսդրորեն ստանձնել է պարտավորություն՝ պետական բյուջեի միջոցների հաշվին սեփականության իրավունքով անհատույց բնակարան տրամադրել վերը նշված նախկին զինծառայողների ընտանիքներին:

Թեև ողջունելի է, որ ՀՀ կառավարությունը փորձում է լուծել այս լուրջ խնդիրը, սակայն ակնհայտ է, որ երեկ կայացված որոշումը հակասում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներին:

Ուստի, հետագա բարդություններից խուսափելու, նախկին զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրներին ամբողջական լուծում տալու նպատակով, առաջարկում եմ կառավարությանը՝ վերանայել կայացված որոշումը»։

Placeholder