Տնտեսական հեղափոխության համար պետք է վերանայել կրթական համակարգը. Գագիկ Մակարյան
Տնտեսություն
11:35 29/12/2018
Հայաստան

Տնտեսական հեղափոխության համար պետք է վերանայել կրթական համակարգը. Գագիկ Մակարյան

Հայաստանում հնարավոր է տնտեսական հեղափոխության իրականացումը, բայց դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է  հստակ գնահատել տնտեսական իրավիճակը: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն՝ անդրադառնալով  հարցին, թե Հայաստանում ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար:

Նրա խոսքով՝ պետք է հստակ ռազմավարություն մշակել, նշել այն ուղղությունները, որոնց միջոցով հնարավոր կլինի հասնել տնտեսական հեղափոխության:

«Պետք է հասկանալ՝  այդ հեղափոխությունը մենք ինչ ուղղություններով են իրականացնում՝ նախկինում հիմնված  գործարաններով, թե զրոյից սկսում ենք կառուցել, գերակայություններ ենք ճանաչում և փորձում ենք օտարերկրյա ներդրումներով ինչ-որ նոր բան ստեղծել: Սրանք պետք է հասկանանք»,- ասաց Գագիկ Մակարյանը:

Ըստ նրա՝ տնտեսության հեղափոխության համար անհրաժեշտ են մեծ գումարներ և, եթե այդ գումարները գալու են բիզնեսից, ապա պետք է բարելավել գործարար միջավայրը, իսկ եթե նախատեսվում է ֆոնդեր ստեղծվել, դրա համար պետք է խթանել օտարերկրյա ներդրումները:

Գագիկ Մակարյանը նշեց, որ որոշվել է ստեղծել նոր նախարարություն՝ ռազմական արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների, իսկ նման քայլի գնալուց առաջ նախ պետք է հստակ հասկանալ, թե ռազմարդյունաբերությունը ինչպես են զարգացնելու:

«Կամ պետք է զարգանա եղած արդյունաբերական գործարաններով, որոնք կմոդեռնիզացվեն կամ պետք է ստեղծվեն նոր գործարաններ: Սակայն  ռազմական արդյունաբերության, տեխնոլոգիաների կամ տնտեսական հեղափոխության համար պետք են նոր կոնցեպցիաներ, նոր նախագծեր, տեխնոլոգիական միտք, որի համար առաջին հերթին բարեփոխումներ են հարկավոր անել կրթության ոլորտում»,- ասաց Գագիկ Մակարյանը։

Ըստ մասնագետի՝ պետք է լինի տնտեսության և աշխատուժի արդիականացում: Այսպիսով, տնտեսությունում հեղափոխություն անելու համար ամբողջությամբ պետք է վերանայել կրթական համակարգը, հակառակ դեպքում, ըստ տնտեսագետ, երկու-երեք տարի հետո արդեն կտեսնենք, որ  տնտեսության արգելափակողը հենց կրթությունն է:

«Ցավոք սրտի, կրթության ոլորտում էական քայլեր չեն կատարում ու կգա մի օր, որ մենք փաստի առաջ կկանգնենք : Հեղափոխություն անելու համար մեզ որակյալ կադրեր են պետք լինելու, իսկ եթե դրանք չգտնենք, արդեն խնդիրների առաջ կկանգնենք, իսկ դրսից բերելը կդառնա մեկ այլ պրոբլեմ: Հուսալ, որ հայրենադարձների օգնությամբ այդ պակասը կլրացվի, քիչ հավանական է, քանի որ պարզ չէ, թե ով կգա, երբ կգա: Հայրենադարձներին մենք չենք կարող կառավարել»,- ընդգծեց նա:

Այսպիսով, ըստ Գագիկ Մակարյանի,  որևէ հեղափոխություն գնալու համար կրկին ռեֆորմներ պետք է փոխվեն. «Կարևորը քաղաքական կամքը կա, բայց պետական ապարատը պետք է համալրվի պրոֆեսիոնալներով»:

Placeholder
Տնտեսական հեղափոխության համար պետք է վերանայել կրթական համակարգը. Գագիկ Մակարյան